Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
18.09.2021
Սիրելի՜ գյումրեցիներ, իմ շատ սիրելի՜ համաքաղաքացիներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի` Գյումրու օրվա առթիվ:
Այս տարի քաղաքի օրը՝ «Իմ սիրուն Գյումրի» խորագիրն է կրում, որով ևս մեկ անգամ ընդգծելու ենք մեր անկրկնելի ծննդավայրի բացառիկությունը, Գյումրուն բնորոշ համն ու հոտը, ջերմությունն ու հյուրասիրությունը։
Արվեստի, արհեստի, հումորի, թասիբի, ձգտումի քաղաք է Գյումրին, որը չսիրել չի լինի, որով չհիանալ չի լինի։ Գյումրու ամեն փողոց իր պատմությունն ունի, ամեն անկյունն` իր կոլորիտը։
Պարզ վեհության, միաժամանակ խորհրդավոր պարզության քաղաք է Գյումրին` իր պատմությամբ, հնամյա շենքերով, թաղերով, թատրոնով, լեզվով, խոսքով, ուրույն ու սուր մտքերով։
Այո՛, մեր քաղաքը շատ փորձություններով է անցել, հոգսի տակ տնքացել, բայց երբեք չի ծնկել։ Գյումրեցին իրեն վայել պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ է դուրս եկել խնդիրների դեմ և կարողացել է դրանք հաղթահարել ու շարժվել առաջ։
Հիմա էլ առաջ գնալու, առաջ նայելու ու առաջ շարժվելու ժամանակն է։
Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի քաղաք։