Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
21.09.2021
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ: Անկախությունը բացառիկ արժեք է և այդ գիտակցումով հայ ժողովուրդը տասնամյակներ առաջ մեծագույն պատասխանատվությամբ ստանձնեց սեփական ճակատագիրը տնօրինելու պատիվը։ Վճռականության շնորհիվ հայը ձեռք բերեց դարերի երազանք թվացող պետականությունը՝ վերահաստատելով, որ մենք ենք մեր ճակատագրի տնօրինողը։ Այդ պայքարի պատասխանը եղավ իրավական պետություն, քաղաքացիական հասարակություն ստեղծելու խոչընդոտներով լի ճանապարհը։
30 տարի անց կարող ենք ասել, որ անկախությունը պատգամ է` ինքներս մեզ առավել լավ ճանաչելու, արժևորելու այն ամենն ինչ ստացել ենք սերունդերից, համախմբվելու և հոգատար, սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու երկրի, պետության հանդեպ։ Հարկավոր է միշտ հիշել, որ մենք ենք մեր զավակների խաղաղ կյանքի և մեր ծնողների անխռով ծերության երաշխավորը։ Ուստի, չպետք է խնայենք մեր միտքը, մեր սերն ու ջանքերը և վերջապես մեզ` հոգ տանելով հայրենի երկրի ամեն մի քարի ու թփի մասին։
Անկախության գիտակցումով մեր անմահ հերոսներն արցախյան պատերազմներին և անցած տարիներին զոհասեղանին դրեցին ամենաթանկը` կյանքը։ Նրանց մեծագույն զոհաբերության շնորհիվ ենք ապրում և միշտ պարտական ենք լինելու նրանց։ Եվ այսօր, առավել քան պարտավոր ենք համատեղ ջանքերով հարթել 30 տարի առաջ ընտրած մեր ուղին՝ հետևողականորեն ամրապնդելով անկախ պետությունը, ամուր հիմք դնելով սերունդների համար։
Սիրելի ՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս Անկախության տոնի առթիվ` մաղթում եմ միասնականություն, մեր անկախությանը տեր կանգնլու վճռականություն և խաղաղ երկինք։