Նորություններ
44-օրյա պատերազմից մեկ տարի անց հարգանքի տուրք հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին
27.09.2021
Սեպտեմբերի 27-ին մարզային ու քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչները Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, ժամը 11-ին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, խնկարկել, ծաղկեպսակներ դրել, ծաղիկներ խոնարհել անմահ հերոսների շիրիմներին:
Լրագրողների հետ զրույցում Հովհաննես Հարությունյանը նշել է.«Այսօր ևս մեկ անգամ խոնարհվում ենք մեր հերոսների շիրիմների առջև, մեզ համար հիմա շատ ծանր է ապրել ու զգալ նրանց կորստի ցավը, ապրել ու գիտակցել նրանց զոհաբերության արժեքը, բոլորիս համբերություն եմ մաղթում։ Փառք անմահ հերոսներին, ուժ ու կորով մեզ, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որ թշնամին անգամ չփորձի չափել մեր ուժը, չփորձի մեր հետ մրցել թե ռազմավարական հաջողություններով, թե ռազմական հնարավորություններով։Պետք է կառուցենք այնպիսի երկիր, որն արժանի լինի այս հերոսներին»։