Նորություններ
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մասնակցել է Գյումրու և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերի բացման հանդիսավոր արարողությանը
29.09.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել է Գյումրու և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, նախարարի տեղակալներ Կարեն Սարուխանյանն ու Արմեն Փամբուխչյանը, Գյումրու քաղաքային և մարզային իշխանությունների, Շիրակի մարզի ուժային կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք, փրկարարներ, հյուրեր։
Ախուրյանում և Գյումրիում հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը կառուցվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ։ Դրանք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից պահանջներին: Շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի մայիսին: Ջոկատը համալրված է ժամանակակից գույք-սարքավորումներով, ավտոմեքենաներով, մասնագիտացված հրշեջ-փրկարարներով:
Գյումրի 2 ՀՓՋ-ի բացման արարողության ժամանակ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում երկար և շարունակական պատմություն ունի:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գնահատմամբ՝ երկու կայանների հրշեջ-փրկարարական կարողությունների մեծացման շնորհիվ հնարավոր կդառնա 2 անգամ արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին և դա, անշուշտ, թույլ կտա փրկել մարդկային կյանքեր։
Իսկ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը վստահորեն ընդգծել ու կարևորել է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման, բնակիչներին սպասարկելու որակի բարձրացումը։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար, որի արդյունքում բացվել են հրշեջ փրկարարական ջոկատների շենքերը։ Փրկարարներին համեմատելով բժիշկների հետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ փրկարարները նաև վտանգում են իրենց կյանք և շնորհակալություն է հայտնել նրանց աշխատանքը պատվով ու պատասխանատվությամբ կատարելու համար։