Նորություններ
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ներկա է գտնվել «Հայկական ազգային խորհրդանշանների թանգարան»-ի և պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ի պաշտոնական բացմանը
03.10.2021
Թանգարանը և ակումբը բացվել են պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ջանքերով, գործելու են 1887 թ․ կառուցված ալեքսանդրապոլյան շենքերից մեկում՝ երկու տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո։
Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանում ցուցադրվում են հայկական զինանշանային համակարգի նմուշներ, հայկական պետական ու ազգային խորհրդանշաններին առնչվող եզակի ցուցանմուշներ՝ փորագրանկարներ, պաստառներ, բացիկներ, կարասի և այլն։
Ցուցադրվող նմուշները ներկայացնում են 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբների ազգային սպասումը՝ պետականության վերականգման ակնկալիքով։
Թանգարանի ցուցադրությունը պարբերաբար համալրվելու է նոր նյութերով։
Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանի բացումը նվիրված է Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձին։
«Ակումբ 1887»-ը ալեքսանդրապոլյան ոճի ներքին հարդարանքով կազմակերպված պատմական միջավայր է, որը տրամադրվելու է տարատեսակ միջոցառումներ՝ ցերեկույթներ, շնորհանդեսներ, հարցազրույցներ կազմակերպելու, ինչպես նաև լուսանկարչական շարքեր ու կինոնկարահանումներ իրականացնելու համար։
2021 թ․ թանգարանը բաց է լինելու ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ առանց մուտքավճարի։