Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ

11.10.2021

 Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ այսօր այցելել է մի շարք կրթական հաստատություններ։ Գյումրու թիվ 7 դպրոցը մարզի ամենամեծ դպրոցներից մեկն է, որտեղ 1196 աշակերտ է սովորում, նախակրթարանում ուսանում է 59 սան։ Հովհաննես Զոհրաբյանը դպրոցում շրջայցի ժամանակ պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել հակահամաճարակային կանոնների պահպանմանը՝ նշելով, որ ամեն ինչ պետք է անել կորոնավիրուսի կանխարգելման համար։
«Յուրաքանչյուր պատասխանատու պետք է հստակ հասկանա պատասխանատվության աստիճանն ու այս հիվանդության դեմ պայքարում քայլերի մեջ պարտաճանաչ լինի։ Դպրոցներում ևս շատ կարևոր է յուրաքանչյուր կանոնի պահպանումը, իհարկե, բոլորիս հասկանալի են ինչպես դիմակ կրելու դժվարությունը, այնպես էլ տարբեր միջոցառումների իրականացման դժվարությունները, սակայն երբ խոսքը մարդկային կյանքերի մասին է՝ այստեղ երկընտրանք ու դժվարություն չպետք է դիտարկել։ Կանոնների պահպանումն ու ախտահանիչ միջոցառումների իրականացումը պետք է լինի աշխատանքի անբաժանելի մաս»,- նշել է Հովհաննես Զոհրաբյանը։
Պատասխանատուներն այցելել են «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց», որի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ։ Դպրոցը հիմնանորոգվել է Հայ կրթական հիմնարկության միջոցներով։ Վերանորոգվել է տանիքն ամբողջությամբ, փոխվել են պատուհանները և դռները, հատակը։ Նորոգվել են մարզադահլիճը, հանդիսությունների սրահը և սանհանգույցները։
Հովհաննես Զոհրաբյանն ու Հրայր Կարապետյանը հետևել են նաև «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց»-ի շենքի կառուցման աշխատանքների ընթացքին։ Դպրոցը հիմնանորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում:
Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 1.4 մլրդ դրամ: Դպրոցի շենքի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55