Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին

10.11.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նախարարի տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ղեկավարներին պաշտոնապես ներկայացրել են Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախորդ մարզպետ Հովհաննես Հարությունյանին բարեխիղճ աշխատանքի համար, իսկ նորանշանակ մարզպետին մաղթել հաջողություններ նոր պաշտոնում․ «Պարոն Հարությունյանը շատ բարդ շրջանում ստանձնեց պաշտոնը, հետպատերազմյան այդ ծանր ժամանակահատվածում կարողացավ աշխատել և հիմա ուրախ եմ արձանագրելու, որ աշխատանքը շարունակելու է մեզ հետ։ Տիկին Բաղդասարյան, շնորհավորում եմ Ձեզ չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի անցնելու առթիվ։ Շատ ուրախ եմ, որ մարզին քաջածանոթ եք և պատգամավոր աշխատած ժամանակահատվածում էլ բարձրացրել եք մարզին հուզող հիմնախնդիրները։ Հիմա Ձեզ հաջողություններ եմ մաղթում և նոր ձեռքբերումներ»։
Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն է հայտնլ նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը․ «Մեր համատեղ աշխատանքի յուրաքանչյուր օրը եղել է կարևոր ու պատասխանատու, որովհետև բոլորս ունեցել ենք մեկ խնդիր՝ լուծել հետպատերազմյան ժամանակաշրջանում առաջացած բազմաթիվ խնդիրներ։ Դրանց մի մասին լուծում է տրվել, այն, ինչ չենք հասցրել, միանշանակ, կկարողանա հաղթահարել տիկին Բաղդասարյանը, համոզված եմ՝ այն կառավարչական հմտությունները, այն հաստատակամությունը, որոնք նա ունի՝ կկարողանա ծառայեցնել ի շահ մարզի և հաջողել այս աշխատանքում ևս»։
Շիրակի մարզպետը շնորհակալություն է հայտնել վստահության և մաղթանքների համար և նշել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը․ «Ինձ համար մեծ պատասխանատվություն է ստանձնել Շիրակի մարզպետի պատվաբեր պաշտոնը։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որ կստանձնի այս պաշտոնը պետք է կարողանա ըստ արժանվույն ծառայել և այդ ծառայությունը կլինի անկեղծության հենքով և ազնիվ աշխատանքով։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյանին այս ամիսների ընթացքում հետևողական և նվիրված աշխատանքի համար, մենք միշտ համագործակցել ենք և լիահույս եմ, որ առաջիկայում էլ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը։ Ես գիտակցել եմ, որ գալիս եմ խնդրաշատ մարզ և այդ խնդիրների լուծմանը պետք է միտված լինեն իմ ջանքերը։ Ես վստահեցնում եմ, որ հետևողական աշխատանքով կկարողանամ մարզի բնակչության առջև ներկայանալ։ Միայն նվիրումն ու հետևողական աշխատանքը կբերի մեզ արդյունքների»։
Նազելի Բաղդասարյանը ներկա համայնքապետերին շնորհավորել է տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ և նշել, որ մշտապես կարևորել է անկախ, անկաշկանդ և ակտիվ գործող ՏԻՄ-երի դերակատարությունը․ «Պետության համար այս կարևոր փուլում, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ զարգացման փուլում թևակոխում ենք նոր գործընթաց՝ պետք է պատվով հասցնենք ավարտին։ Մեր մարզում սպասվում են ընտրություններ, ես վստահ եմ համատեղ աշխատանքով ամեն ինչ կանենք այդ գործընթացն անխոչընդոտ անցկացնելու և մեր հետագա աշխատանքը կլինի բեղմնավոր։ Քաղաքական առումով կա անհրաժեշտ կամք ոտքի կանգնեցնելու, բայց այդ ամենը հնարավոր չի լինի, եթե չլինի համատեղ աշխատանք»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30