Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Օմսկի մարզի գործարար պատվիարկությանը

22.11.2021

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզից գործարար այցով Շիրակի մարզ այցելած պատվիարկությանը։ Պատվիրակությունն Հայաստանում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Օմսկի տարածաշրջանի փոքր բիզնեսի աջակցման և զարգացման պետական հիմնադրամի համատեղ ջանքերով։
Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է այսօրինակ այցելություններն ու հանդիպումները․ «Բարի գալուստ Շիրակի մարզ, շատ ուրախ եմ ողջունելու Ձեզ մեր մարզում։ Շիրակը մինչ երկրաշարժը եղել է արդյունաբերական կենտրոն, իսկ Գյումրին արտադրանք է թողարկել, որի պահանջարկը զգացվել է Խորհրդային բոլոր հանրապետություններում։ Հիմա մեզ մոտ, իհարկե, որոշակի դրական տեղաշարժ կա և նկատվում է թեթև ու սննդի, վերամշակող արդյունաբերության զարգացում, սակայն անելիքներ ու չօգտագործված ներուժ կա, որն իրացնելու համար այսպիսի հանդիպումներն անհարաժեշտություն են։ Ես, որպես Շիրակի մարզպետ, վստահեցնում եմ՝ պատրաստ եմ աջակցելու հնարավորությունների սահմաններում և ուրախ կլինեմ, եթե այս հանդիպումը դառնա գործնական քայլերի մեկնարկի նոր ուղի»։
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացրել իրենց գործունեության բնագավառները։ Կողմերը կարևորել են գործարարների ապակենտրոնացված շփումների սերտացումն ու հարաբերությունների շարունակական զարգացումը։
Նազելի Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ հաճախակի շփումները կբերեն գործարար կապերի աշխուժացման և վստահեցրել, որ այդ առումով Շիրակի մարզպետարանը պատրաստ է դառնալ կապող օղակ կողմերի միջև։
Նշենք, որ պատվիրակությունը Հայաստանում կլինի մեկ շաբաթ, նախատեսվում է շնորհանդեսների անցկացում, որոնց ժամանակ կներկայացվեն Հայաստանի և Օմսկի մարզի արտահանման ներուժը, կլինեն գործարար բանակցություններ ու բիզնես հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ մի շարք առաջատար ոլորտային ձեռնարկություններ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30