Նորություններ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է «Գյումրի բժշկական կենտրոն»
29.11.2021
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր այցելել է «Գյումրի բժշկական կենտրոն»։ Տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կենտրոնում, ծանոթացել բժշկական հաստատության աշխատանքների ընթացքին, բաժանմունքների գործունեությանն ու մատուցվող ծառայություններին։ Ըստ այդմ, վիրաբուժական, վնասվածքաբանական, ակնաբանական, սրտաբանական, ուրոլոգիական, լաբորատոր-ախտորոշիչ և այլ ծառայությունների կողքին, շատ շուտով լիարժեքորեն կգործի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը։
Նազելի Բաղդասարյանը կարևորել է բուժսպասարկման որակի արդյունավետությունն ու ծառայությունների պատշաճ մատուցումը, ինչպես նաև հակահամաճարակային միջոցառումների իրականացումն ու կանոնների պահպանումը։
«Գյումրի բժշկական կենտրոն»-ում այս պահին COVID-19 ախտորոշմամբ 68 հիվանդ է բուժվում, ևս 26 հիվանդ էլ ինֆեկցիոն բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ նկատվում է հիվանդության նվազում։
Շիրակի մարզպետն այցելել է նաև «Գյումրի բժշկական կենտրոն»-ի ծննդաբերական բաժանմունք, կենտրոնին միանալուց հետո ծննդատունն աշխատանքներում դրական դինամիկա ունի, ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 100-ով, իսկ վճարովի ծառայությունները կրկնապատկվել են։
Մարզպետը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչպես նաև շնորհավորել նորաթուխ մայրերին՝ մաղթելով երջանիկ մայրություն ու քաջառողջություն։