Նորություններ
Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր
03.12.2021
Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Հաշմանդամություն ունեցողների իրավունքների, կյանքի որակի բարելավման, ինչպես հասարակական կառույցներում, այնպես էլ զարգացման գործընթացներում ներգրավվածության մասին են այսօր խոսել Շիրակի մարզպետն ու «Ագաթ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։
«Ողջունում եմ ձեզ և ուրախ եմ կրկին հանդիպելու, առիթ ունեցել եմ համագործակցել «Ագաթ» հասարակական կազմակերպության հետ, վստահեցնում եմ, որ այն կշարունակեմ նաև որպես Շիրակի մարզպետ։ Ինձ համար կարևոր է հաշմանդամություն ունեցող անձնանց հիմնախնդիրների լուծման համար ինտենսիվ քայլերի մշակումը, քանի որ նրանց ներգրավմանը, ներառականության ընդլայնմանը միտված ձեռնարկներն, ըստ իս, ավելի շատ պետք է լինեն։ Եթե բոլոր շահագրգիռ կողմերը համագործակցեն՝ վստահ եմ կհասնենք ցանկալի արդյունքների»։
«Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին այցելության ու շարունակական ջերմ վերաբերմունքի համար․ «Տիկին Բաղդասարյան ձեզ հետ մեր համագործակցությունը երկար պատմություն ունի, ուրախ եմ, որ որպես մարզպետ ևս մեզ հետ կապը չեք ընդհատել և առավել ոգևորիչն այն է, որ մեր խնդիրներին ու հոգսերին քաջածանոթ եք ու պատրաստակամ՝ դրանց լուծման համար աջակից դառնալ։ Մենք ևս պատրաստ ենք գործակցության»։
Հանդիպման ընթացքում կազմակերպության շահառուները մարզպետին են ներկայացրել իրենց մտահոգությունները, հուզող խնդիրները, դրանք, մասնավորապես, վերաբերել են թեքահարթակներին, հասարակական տրանսպորտին։ Շիրակի մարզպետը վստահեցրել է խնդիրների գույքագրումից զատ դրանց լուծման համար գործնական քայլեր ևս կձեռնարկվեն։