Նորություններ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին
14.01.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ «Կանաչ արահետ»-ն ու «Հույսի Նշան» միջազգային կազմակերպությունն առաջիկա 3 տարիների ընթացքում կիրականացնեն «ՀՀ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերում կլիմայակայուն գյուղատնտեսության կարողությունների բազմամակարդակ ինտեգրացված զարգացում» ծրագիրը՝ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։
«Ուրախ եմ ձեզ տեսնել Շիրակի մարզում, կարևոր ծրագիր եք իրականացնում, հատկապես, երբ խոսքը կլիմայակայուն գյուղատնտեսության կարողությունների զարգացմանն է վերաբերում։ Սա նշանակում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի աղքատության մակարդակի նվազմանը։ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցության և մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք ձեզ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Կազմակերպության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար։
Նշենք, որ ծրագրի նպատակն է ՀՀ հյուսիսային մարզերի գյուղական համայնքներում մեղմել աղքատությունը՝ նորարար, կայուն և կլիմայի փոփոխություններին հարմարվող գյուղատնտեսական գործելակերպերի ներդրման միջոցով։ Ծրագրով կթիրախավորվեն խոցելի խմբերը։ Ծրագրի վերջնարդյունքների ցուցանիշներով նախատեսվում է 3 մարզերի 6 բնակավայրերի 280 փոքր ֆերմերների գյուղատնտեսական գործունեությունից եկամուտներն ավելացնել 20%-ով։ Ծրագիրը կաջակցի ավելի քան 360 փոքր ֆերմերների, որոնց առնվազն 50% կանայք են՝գիտելիքների տարածման ու շուկայավարման հարցերում համագործակցության բարելավման և նոր ու կայուն գյուղատնտեսական մեթոդների կիրառման միջոցով ավելացնելու եկամուտները, հաշվի առնելով կլիմայի փոփոխության մարտահրավերները: