Նորություններ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներկայացուցիչներին
19.01.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներին` տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի ղեկավարությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի վերագործարկմանն ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։ Կարևորելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շարունակականությունն ու մարզի դպրոցներում ծրագրի իրականացման անխոչընդոտ ընթացքը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ մարզպետարանը պատրաստ է այս աշխատանքներում համագործակցության ու ամեն ինչ արվելու է դպրոցներում սանիտարական բավարար պայմանների ապահովման համար։
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը մի քանի տարվա պատմություն ունի, ժամանակին այն ամբողջությամբ իրականացվում էր Միավորված ազգերի կազմակերպության կողմից, սակայն արդեն տևական ժամանակ է՝ մի շարք մարզեր անցում են կատարել ազգային ծրագրին, այսինքն՝ ֆինանսավորումն իրականացնում է ՀՀ կառավարությունը:
Նշենք, որ ծրագրի շահառուներն են Շիրակի մարզպետարանի ենթակայության 146 և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թվով 1 հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև դպրոցահեն 66 նախակրթարանների սաները։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով մարզում վերանորոգվել են 133 հանրակրթական դպրոցների ճաշարանները և խոհանոցները, տրամադրվել է խոհանոցային սարքավորումներ։