Նորություններ
Շիրակի մարզպետարանի վարչական շենքում բացվել է շիրակցի նկարիչների «Վերելք» խորագիրը կրող ցուցահանդեսը
22.01.2022
Բանակի օրվա առթիվ Շիրակի մարզպետարանի վարչական շենքում բացվել է շիրակցի նկարիչների «Վերելք» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Գյումրու նկարիչների միության հետ համագործակցությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված են 16 գործեր։
«Ցուցահանդեսի խորագիրը պատահական չենք ընտրել՝ «Վերելք», որովհետև վերելքը կյանքի շարունակականության մասին է, ես վստահ եմ՝ մեր բանակն ամուր է, ուժեղ է ու դեռ բազում հաղթանակներ է տոնելու։ Մենք մշակույթով ու արվեստով էլ պետք է հաղթենք, կարծում եմ՝ պետական կառույցները պետք է արվեստով ևս ապրեն, մեզ բոլորիս համատեղ աշխատանք ու ձեռքբերումներ եմ մաղթում, որովհետև ուս ուսի տված կկարողանանք հաջողությունների հասնել։ Եվ ուրեմն, բարի մեկնարկ մեր նոր ձեռնարկին, մեր երկրին ու մեր մարզին՝ նոր վերելքներ»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ, նախատեսվում է մարզպետարանում անհատական, թեմատիկ և խորհրդանշական ցուցահանդեսների կազմակերպում։