Նորություններ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
28.01.2022
Սիրելի´ հայրենակիցներ, այսօր` Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է արժևորել մեր պետականության հիմնասյունի` Հայոց բանակի անուրանալի դերը:
Արյունով գրված մեր անկախության տարեգրությունն ապացույցն է, որ հայրենի երկրի սահմանների անառիկությունը հնարավոր է պահել բացառապես ուժով, նվիրումով և անձնազոհությամբ: Հավերժ փառք և խոնարհում մեր բոլոր հայորդիներին, որոնք հայրենիքը դասեցին սեփական կյանքից վեր: Բանակի ակունքներում կանգնած երախտավորների գործը պետք է շարունակել հանուն երկրի ապագայի և վաղվա օրվա: Շարքայինից մինչև բարձրաստիճան սպա այսօր պետք է վեհ պահի Հայոց բանակի փառապանծ անունը, քանզի մեր ոգին ամուր է, կամքը` չբեկվող և հայի տեսակը` աննկուն:
Եվ ուրեմն, ազգովի համախմբվենք և ի լուր աշխարհի ապացուցենք, որ թե՛ ռազմի դաշտում, թե´ խաղաղ պայմաններում հայրենի հողը մեզ համար սրբություն է:
Բանակի քաջարի նվիրյալնե´ր, ամեն վայրկյան և րոպե գիտակցեք, որ ունեք մի ողջ ժողովրդի վստահությունն ու աջակցությունը: Որքան էլ ծանր լինեն բոլորիս կորուստները մենք երբեք ծնկի չենք գա և չենք երկնչի թշնամու առաջ:
Խոհեմություն ու տոկունություն բոլորիս:
Փա՜ռք Հայոց բանակին: