Նորություններ
Փետրվարի 26-ին Մեծ Սարիար բնակավայրի անտառային հատվածում կանցկացվի ամենամյա «Շիրակի Ձմեռ» փառատոնը
10.02.2022
Շիրակի մարզպետարանն ու ՄԱԶԾ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը համատեղ փետրվարի 26-ին Մեծ Սարիար բնակավայրի անտառային հատվածում կանցկացնեն ամենամյա «Շիրակի Ձմեռ» փառատոնը։
Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը համատեղ ասուլիսի ընթացքում ներկայացրել են միջոցառման մանրամասները։ Մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը՝ կարևորելով մարզում ձմեռային տուրիզմի զարգացումը նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել մարզում «Շիրակի Ձմեռ» փառատոնի անցկացումը տարբեր համայնքներում, որի նպատակը մարզի բնակչության ակտիվ հանգիստը և հետաքրքիր ժամանցն ապահովելն է։ Միջոցառումը բաղկացած է լինելու սպորտային, ժամանցային, մշակութային հատվածներից, անցկացվելու են դահուկավազքի, լեռնադահուկի, սնոուկայտինգի, կայտբորդինգի, սնոուբորդի, բազկամարտի, պարանի ձգման, հրաձգության, ռաֆտինգի, փեյնթբոլի, ձնեմարտի (սիրողական), ջիփինգի, սահնակների, արագընթացների (բուռաններ) մրցումներ, լինելու է համերգային հետաքրքիր ծրագիր։