Նորություններ
Երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Գյումրիում էր քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը
14.02.2022
Նախօրեի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Գյումրիում էին քաղաքաշինության կոմիտեի մասնագետները՝ նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջայց են կատարել Գյումրու վթարային շենքերում՝ երկրաշարժի հետևանքներին տեղում ծանոթանալու և վթարայինների խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին բնակիչների հետ զրուցելու։
Պատասխանատուները եղել են Իսահակյան փողոցի 9-րդ, Անտառավան 26 և Տիգրան Մեծի 5 շենքերում։ Իսահակյան 9 շենքը կառուցվել և շահագործման է հանձնվել 1930 թվականին, եռահարկ շենքն ունի 7 շքամուտք։ Անտառավան 26-ը կառուցվել է 1967 թվականին, քարաշեն է, իսկ Տիգրան Մեծ 5 շենքը շահագործման է հանձնվել 1938 թվանանին։ Բոլոր երեք շենքներն էլ ունեն 3-րդ աստիճանի վթարայնություն։
Վթարայինների խնդիրը Շիրակի մարզպետի ուշադրության կենտրոնում է եղել դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ։ Կառավարության հնգամյա ծրագրում 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենքերի վերակառուցման հարցն ընդգրկված է և հաստատված է տեխնիկական անբավարար վիճակում գտնվող բնակֆոնդի կանոնակարգման հայեցակարգը, ինչը նշանակում է խնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվում։