Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային 100 օրերն ամփոփող մամուլի ասուլիսով է հանդես եկել

21.02.2022

Որևէ պետական պաշտոնյա չի կարող հաջողել, եթե չի տեսնում առկա խնդիրները, չի կարևորում քաղաքացիների կողմից մատնանշված հիմնահարցերը․ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային 100 օրերն ամփոփող մամուլի ասուլիսով հանդես է եկել Արթիկ համայնքի Լեռնարկերտ բնակավայրի մշակույթի տանը, որին ներկա են գտնվել ԶԼՄ և մարզային իշխանության ներկայացուցիչները։
Մարզպետը նշել է, որ ասուլիսը հաշվետվողականության մեկ քայլ է, իսկ այն Լեռնակերտ բնակավայրում անցկացնելն ինքնանպատակ չի արվել՝ աշխատանքային մոտեցման ցուցաբերում է, որովհետև ինչպես ՀՀ կառավարությունն է միտված ապակենտրոնացված քաղաքականություն իրականացնելուն, այնպես էլ մարզում պետք է նույն ձեռագիրը պահպանել։ Այնուհետև Շիրակի մարզպետն անդրադարձել է բոլոր ոլորտներում իրականացված աշխատանքներին ու առկա հիմնախնդիրներին։
«Խոսելով մարզի խնդիրների մասին չեմ կարող չառանձնացնել մեր մարզից գերեվարված տղաների հայրենադարձման հարցին, այս պահի դրությամբ 62 հաստատված գերիներց 32-ը վերադարձել են, գործընթացը շարունակվում է, հաստատաված գերիների հետ հարազատները նամակագրական և հեռախոսային կապ ունեն, որն իրականացվում է «Կարմիր խաչի միջազգային ընկերության» աջակցությամբ, ամեն ինչ արվում է, որ մեր հայրենակիցներն օր առաջ վերադառնան տուն»,- նշել է մարզպետը։
Ըստ Նազելի Բաղդասարյանի, մարզի խնդիրների մեջ առանձնանում է գործազրկությունը և պետք է ամեն կերպ խթանել տնտեսության զարգացմանը, այս առումով քայլեր են ձեռնարկվում, մասնավորապես, ամեն ինչ արվելու է, որ ներդրումների առումով մարզն առավել գրավիչ դառնա․ «Կարծում եմ, որ մենք պետք է մեր մարզի առավելությունները շեշտադրենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ յուաքանչյուր համայնք կարողանա ներկայացնել իր առավելությունները։ Մարզպետարանը, որպես պետական տարածքային քաղաքականություն իրականացնող և վերահսկող, փորձում է ամեն կերպ այդ ամենին նպաստել»։
Համայնքների զարգացման կարևոր ու ճկուն գործիքակազմ Շիրակի մարզպետը համարել է պետություն-համայնք համագործակցության արդյունք հանդիսացող սուբվենցիոն ծրագրերը և նշել, որ 2022-ին 44 հայտ է ներկայացվել համայնքներից՝ ընդհանուր 7 մլրդ 229 մլն դրամի․ «Շատ մանրակրկիտ ուսումնասիրել ենք և կարվի հնարավորը, որ ծրագրերը կյանքի կոչվեն։ Հատկապես, որ պետությունն ամեն ինչ անում է համայնքներին աջակցելու համար։ Մեծ ուշադրություն է դարձվում մանկապարտեզների, նախակրթարանների կառուցմանը, նորոգմանը՝ կֆինանսավորվի այդ ծրագրերի 70 տոկոսը: Վերանայվել է նաև սահմանամերձ համայնքների սուբվենցիոն ծրագրերի տոկոսային հարաբերությունը՝ պետական բյուջեից ֆինանսավորման չափաբաժինը 80 տոկոս է կազմում։ Մեծ ուշադրություն է դարձվում դեպի արոտավայրեր գնացող ճանապարհների կառուցմանը, ընդհանրապես, ճանապարհաշինությանը, լուսավորության ցանցերի անցկացմանը, մեքենասարքավորումների ձեռքբերմանը»։
Մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսությանը՝ նշելով, որ ոլորտում առկա խնդիրներն կառավարության և մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում են, խոսքն ինչպես ոռոգման հիմնահարցի, այնպես էլ պարարտանյութերի գնի թանկացման մասին է։
Նազելի Բաղդասարյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերվել են անօթևանությանն ու վթարայիններին, նոր ձևավորված համայնքների աշխատանքին, կադրային քաղաքականությանն ու համագործակցությանը։
Ամփոփելով ասուլիսը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ 100 օրերի ընթացքում որոշակի աշխատելաոճ և ձեռագրային սկզբունքներ կարողացել է ի ցույց դնել, այսուհետ ևս շարունակելու է աշխատել նույն սկզբունքով՝ պատասխանատվությամբ ու թափանցիկ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 15:39:23