Նորություններ
Շիրակի մարզպետարանում այսօր հյուրընկալել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին
24.02.2022
Շիրակի մարզպետարանում այսօր հյուրընկալել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։
Ողջունելով ճանաչողական այցով առաջին անգամ Գյումրիում գտնվող դեսպանին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը։ «Վերջին 3 տարիներին հայ-ճապոնական բարեկամության սերտացումը եղել է իմ գործունեության առանցքային ուղղություններից։ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ հանդիսացել եմ հայ-ճապոնական բարեկամական խմբի անդամ, նոր գումարման ԱԺ-ում էլ՝ խմբի ղեկավար էի նշանակվել։ Լիահույս եմ՝ Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո էլ՝ արդեն գործադիրում, կկարողանամ նպաստել հայ-ճապոնական բարեկամության սերտացմանը։ Մենք պատրաստ ենք համագործակցության և ամեն ինչ կանենք փոխգործակցության ամրապնդման համար»,- նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել մարզպետին անմիջական ու ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախությամբ է այցելել Շիրակ․ «Առաջին անգամ եմ Գյումրիում, շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար և ինքս էլ կարևորում եմ ապակենտրոնացված համագործակցությունը, ուրախալի է տեսնել ձեր պատրաստակամությունը ևս։ Կարծում եմ՝ մինչ այժմ իրականացված ծրագրերին համատեղ ջանքերով նոր զարկ կտանք ու նոր գործնական ձեռնարկներ կլինեն»։
Շիրակի մարզպետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, ինչպես նաև հայ և ճապոնացի կանանց հարաբերությունների սերտացումը։
Անդրադառնալով Շիրակի մարզի հետ համագործակցության շրջանակներում մինչ այժմ իրականացված ծրագրերին մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը նշել է, որ դեռ Առափի համայնքի ղեկավար եղած ժամանակ հասցրել են ճապոնական կողմի հետ համագործակցել և արդյունքում համայնքում կառուցվել է ջրահեռացման համակարգ։ Իսկ մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը դեսպանին տեղեկացրել է, որ արդեն իսկ կան հաստատված հարաբերություններ և որպես Հայաստանի Կյոկուսինկայ կարատեի ֆեդերացիայի նախագահ մարզպետի տեղակալը տասնամյակներ շարունակ բարեկամական հարաբերություններ ունի ճապոնացի մարզիկների հետ։
Կողմերն անդրադարձել են նաև մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության խորացմանը։