Նորություններ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղեկցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են Աշոցք համայնքի Կոճոռ թաղամաս
25.02.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղեկցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են Աշոցք համայնքի Կոճոռ թաղամաս, հանդիպել` բնակիչներին։ Թաղամասը կառուցվել է 1988-1991 թվականներին։ Տարիների ընթացքում իրար միացվելուց կամ ապամոնտաժվելուց հետո փայտյա շենքերի բնակարանների քանակը 164 է, գտնվում են վատթար վիճակում։ Խնդրի լուծման ուղղությամբ կառավարությունն արդեն քայլեր է ձեռնարկում։
Այցի շրջանակներում հանդիպում է եղել Աշոցքի համայնքապետարանում, քննարկվել են համայնքի հիմնախնդիրներին վերաբերող հարցեր։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի խումբն էլ` մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի և Ալբերտ Այվազյանի հետ այցելել է Արթիկ համայնք։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ եղել են Արթիկի թիվ 1 դպրոցում, որի տանիքը 620 ք/մ մակերեսով վնասվել է ուժեղ քամու պատճառով։ Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, կառավարությունը շուտով համապատասխան միջոցների հատկացում կանի շինաշխատանքներն իրականացնելու համար։
Պատվիրակությունը եղել է նաև Արթիկի թիվ 2 դպրոցում, որի շինարարությունը մեկնարկել է։ Ծրագրի պատվիրատու է հանդիսանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Ընդհանուր արժեքը 1 մլրդ 521 մլն դրամ է։
Այցելությունն ավարտվել է Արթիկի համայնքապետարանում անցկացված խորհրդակցությամբ։