Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն արտագնա նիստ է անցկացրել Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրում

02.03.2022

Նախորդ տարվանից 2022 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի և 2022 թվականին ներկայացված ծրագրային հայտերի ընթացքի, ինչպես նաև առաջացած խնդիրներին լուծում տալու նպատակով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր արտագնա նիստ է անցկացրել Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրում, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու Արթիկ համայնքի ղեկավարը։
«Մեզ համար սուբվենցիոն ծրագրերի նպատակայնությունն ու համայնքների առաջնայնությունները հաշվի առնելով իրականացնելը կարևոր նախապայման է, շատ կարևոր է նաև որակյալ շինարարություն իրականացնելն ու ժամկետների մեջ տեղավորվելը։ Այս է պատճառը, որ դրանք պետք է պլանավորենք ու իրականացնենք հաշվի առնելով մեր մարզի բնակլիմայական պայմանները»,- արտագնա նիստի մեկնարկին նշել է մարզպետը՝ կարևորելով համայնքներում սուբվենցիոն հայտերի ներկայացումից առաջ հանրային լսումների անցկացումն ու համայնքաբնակների կարծիքը հաշվի առնելը։
Մարզպետին է զեկուցվել 2021 թվականից 2022 թվական տեղափոխված ծրագրերի ընթացքի մասին, ըստ այդմ մեկնարկած սուբվենցիոն ծրագրերից 47-ն ավարտված են, 14 ծրագրերի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և ավարտվելու են 2022 թվականին։
«Ընդհանուր առմամբ, սուբենցիոն ծրագրերի ընթացքում տեխնիկական հսկողությունից զատ, ավարտից հետո էլ մենք գործընթաց ունենք, պետք է հասկանաք, թե աշխատանքների որակը որքանով է համապատասխանում սահմանված չափանիշներին։ Ես ուզում եմ մեկ խնդրի անդրադառնալ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դիտարկումներ է անցկացրել սուբվենցիոն ծրագրերի հետ կապված տարբեր մարզերում՝ արձանագրված թերացումները հայտնաբերելու նպատակով, 3 ծրագրի մասով վերապահում կա նաև մեր մարզի հետ կապված։ Պետք է հստակ քննարկենք այդ դիտարկումները՝ հաջորդ ծրագրերում թերացումները բացառելու համար։ Ի վերջո պետք է հասնենք նրան, որ ցանկացած տիպի շինարարություն, որը պետության միջոցներով է իրականացվում, կառավարության ծրագրերով է և համայնքների մասնակցությամբ՝ ունենան անհրաժեշտ արդյունք»։
2022 թվականին արդեն մարզի 6 համայնքներ ներկայացրել են 44 ծրագրային հայտեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 7 մլրդ 229 մլն դրամ, որոնք ընդգրկում են 12 ոլորտներ՝ ճանապարհաշինություն, ոռոգում, ջրագծերի նորոգում, մանկապարտեզների կառուցում, նորոգում, բարեկարգում, փողոցային լուսավորության անցկացում, գազաֆիկացում, մեքենասարքավորումների ձեռքբերում և այլն։
Խորհրդակցությունից հետո մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Փանիկի դպրոց, շրջել դպրոցում, ծանոթացել խնդիրներին, քննարկել դրանց լուծման ուղիները։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21