Նորություններ
Շիրակի մարզպետը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ
11.03.2022
Կանանց հմտությունների ու կարողությունների զարգացման, վերարտադրողական առողջության, առողջ ապրելակերպի, մարզում տնտեսական ու սոցիալական նախաձեռնությունների և մի շարք այլ հարցերի մասին են այսօր քննարկել Շիրակի մարզպետարանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Ուրախ եմ հանդիպման համար և շատ կարևորում եմ մեր համագործակցությունը, հասցրել եմ ծանոթանալ հիմնադրամի գործունեությանը և ուզում եմ ընդգծել, որ իրապես մեծ ու համակողմանի աշխատանք եք տանում, մենք, պատրաստ ենք համագործակցության։ Լիահույս եմ, որ այս հանդիպումը կունենա գործնական բնույթ և հիմք կհանդիսանա նոր նախաձեռնությունների»,- նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացրել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, դրանք չորս հիմնական աշխատանքային ուղղություններով են իրականացվում՝ վերարտադրողական և մայրական առողջություն, երիտասարդություն, կանանց դերի բարձրացում ու կարողությունների զարգացում և ժողովրդագրություն:
Մարզպետը կարևորել է կանանց և երիտասարդների իրավունքների պաշտպանության, կանանց դերի բարձրացմանը միտված նախաձեռնությունները՝ նշելով, որ կնոջը որպես անհատ կայացնելու, նրանց կարողություններն ու հմտությունները բացահայտելու և զարգացնելու ծրագրերը Շիրակի մարզում կյանքի կոչելն անհրաժեշտ է։
Անդարդարձ է կատարվել ինչպես հիմնադրամի կողմից բացված կանանց ռեսուրս կենտրոնների աշխատանքին, որոնց գործունեության արդյունքում կանայք վերապատաստվում, մասնագիտություն են ձեռքբերում, այնպես էլ ՄԱԲՀ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ Շիրակի մարզում իրականացվող մի շարք այլ ծրագրերի։