Նորություններ
Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները
19.03.2022
Մարտի 18-19-ը Չարենցավանում կայացան «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի, քաղաքամայր Երևանի և Արցախի Հանրապետության հավաքական թիմերը։ Մրցաշարի 144 մասնակիցները մրցում էին չորս՝ տղամարդիկ 18-ից 40 ու 41-ից բարձր և կանայք 18-ից 35 ու 36-ից բարձր տարիքային խմբերում։ Առաջին օրվա մրցումներից հետո որոշվեցին այն 16 մասնակիցները, որոնց իրավունք տրվեց շարունակելու պայքարը մեդալների համար։ Նրանցից 6-ը ներկայացնում էին Երևանը, 5-ը՝ Շիրակը, 3-ը՝ Լոռին և մեկական մասնակից Արարատը և Կոտայքը։
Ծավալված համառ և անզիջում պայքարում խաղարկվող 4 ոսկե մեդալներից 2-ին և սահմանված մեկական միլիոն դրամական մրցանակներին տիրացան Շիրակի մարզի ներկայացուցիչներ Գարեգին Չախոյանը/18-40 տարեկաններ/ և Կարեն Հարությունյանը/41 և բարձր/։ Կանանց 18-35 տարեկանների մրցապայքարին մասնակցող Շիրակի մարզի ներկայացուցիչ Արմենուհի Կուրղենյանն էլ դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր և ստացավ 400 հազար դրամական մրցանակ։
Հաղթողներին ու ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետը, շնորհավորեց մրցաշարի բոլոր մասնակիցներին. «Ցանկանում եմ շնորհավորել մրցաշարի բոլոր մասնակիցներին, հաղթողներին, մրցանակի արժանացածներին: Ուզում եմ ուրախությունս արտահայտել, որ գաղափարը, որի մասին մենք խոսում էինք ամիսներ առաջ, հիմա տեսնում ենք իրագործված»:
Միջոցառումն անցկացվում էր առաջին անգամ և նպաստելու է ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիության ապահովմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանն ու սեղանի թենիս մարզաձևի մասսայականացմանը։