Նորություններ
Շիրակի մարզպետը հետևել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինարարական աշխատանքներին
20.04.2022
ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ շարունակվում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի՝ շուրջ 27,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հանդիպել է շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի ղեկավար Գաո Գաո Գուիհուայի և ընկերության պատասխանատուների հետ:
Կարևորելով Տրանշ 3-ով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքների իրականացումը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախալի է շինարարական աշխատանքների նոր տեմպերը․ «Ուրախ եմ, որ ճանապարհաշինական աշխատանքները մեր մարզում նոր թափ են ստացել և լիահույս եմ, որ դրանք կիրականացվեն ժամանակին։ Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագիրը ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր մարզի համար մի քանի առումներով կենսական նշանակություն ունի, խոսքս թե լոգիստիկ առումով է, թե որպես հնարավորություն ու խթան տնտեսության զարգացման համար»։
Ծրագրի ղեկավար Գաո Գուիհուան նշել է, որ իրենց կողմից ամեն ինչ արվում է աշխատանքները որակով ու ժամանակին իրականացնելու առումով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի հատվածում իրականացվելիք աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր:
Նշենք, որ 2021 թվականին ճանապարհահատվածի շուրջ 75 տոկոսը բացվել է միակողմանի երթևեկության համար։