Նորություններ
18 սուբվենցիոն ծրագրից 12-ն ավարտվել են
20.04.2022
18 սուբվենցիոն ծրագիր, որոնցից 12-ն ավարտվել են․ 2021 թվականին Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 924 մլն 135 հազար դրամ, գումարի 52․2 տոկոսը կառավարությունն է հատկացրել՝ 482 մլն 707 հազար դրամ, 47․8 տոկոսն էլ համայնքային բյուջեի համամասնությունն է։
Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ Ախուրյանի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մինչ այժմ իրականացված ծրագրերի արդյունքները, 2021 թվականից 2022 տեղափոխված և շարունակվող ծրագրերի ընթացքն, ինչպես նաև 2022 թվականին իրականացվելիք սուբվենցիաները։ Մարզպետի տեղակալը՝ փոխանցելով Շիրակի մարզպետի մոտեցումները, նշել է, որ յուրաքանչյուր ծրագրի առումով կլինի հետևողական վերահսկողություն և պետք է բացառվեն թերացումներն ու անհարկի ձգձգումները։
2021 թվականից 2022 տեղափոխված 6 ծրագրերն ընթացքի մեջ են։ Աշխատանքային խումբը եղել է մի քանի բնակավայրերում, հետևել է Ախուրյանում կառուցվող կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկումն իրականացնող տեխնիկական միջոցների կայանման, սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքներին, 66․6 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի 40 տոկոս աշխատանքներն իրականացված են։ Պատասխանատուներն այցելել են նաև Ջրառատի մանկապարտեզի տարածք, 48 մլն 156 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 60 տոկոսը կառավարությունն է տրամադրելու։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներում նախագծից շեղումներ են թույլ տրվել։ Մարզպետարանի և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության համատեղ նկատառումների արդյունքում ապամոնտաժվել են շեղումներով կատարված աշխատանքները։ Շինարարին հորդորվել է առավել մեծ թվով աշխատակիցներ ներգրավել աշխատանքներում՝ ծրագրով նախատեսված ժամկետներում տեղավորվելու նպատակով։
Աշխատանքային խումբը եղել է նաև Արևիկ բնակավայրում, որտեղ շարունակվում են ճանապարհի նորոգման 2021-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի աշխատանքները։
Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում 2021 թվականին Ախուրյանի բնակավայրերում կառուցվել ու նորոգվել են մանկապարտեզներ, իրականացվել են մի շարք փողոցների ասֆալտապատման, սալարկման, վերանորոգման աշխատանքներ, վերանորոգվել են մշակույթի տների, բազմաբնակարան շենքերի տանիքներ, կառուցվել են էներգաարդյունավետ լուսավորության համակարգեր, տեղադրվել ֆոտովոլտային կայաններ և այլն։
2022 թվականին Ախուրյան համայնքի կողմից (նախնական) ներկայացվել է սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիեն 10 ծրագրային հայտ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1,4 մլրդ դրամ, որից պետության համամասնությունը կազմում է մոտ 0,87 մլրդ դրամ (61.5%)։