Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաչքար՝ ի հիշատակ հայրենիքի համար կյանքը զոհաբերած Ռաֆիկ Սահակյանի

25.04.2022

 Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի բակում այսօր բացվել է խաչքար՝ ի հիշատակ հայրենիքի համար կյանքը Արցախյան վերջին պատերազմում զոհաբերած ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Ռաֆիկ Սահակյանի։ Նա այսօր կդառնար 20 տարեկան։
Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, Ռաֆիկ Սահակյանի մայրը՝ «Արդարության պահանջով» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Վարդուհի Մանուկյանը, հերոսացած զինվորների ծնողներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։
«Այսօր նշում ենք մեր սիրելի Ռաֆոյի կենդանի ծնունդը։ Ես ուզում եմ, որ բոլորս գիտակցենք՝ մեր հերոսներն անմահ են և նրանք ապրում են մեր սրտերում այնքան ժամանակ, որքան մենք նրանց հիշում ենք։ Տեղին է այստեղ հիշել սպարապետի խոսքերը՝ մեր թշնամուն սնում են մեր վախերը, մեր ցավն ու մեր հիմարությունը, ուրեմն պետք է կարողանանք փարատել մեր վախերը, պետք է ամոքենք մեր ցավը և պետք է այնքան իմաստություն ունենանք, որ ազգովի բռունցքվենք և միահամուռ կերպով պահենք մեր հայրենիքը։ Մարտի դաշտում տղաներն արել են առավելագույնը։ Մեզանից յուրաքանչյուրն այսօր պատգամ ունի՝ հայրենիքի համար անել առավել քան։
Այստեղ ներկա են հերոսածին մայրեր, ես իմ խոնարհումն եմ բերում, դուք ապրեք այն գիտակցումով, որ հերոս որդիներ եք ունեցել և դա ազգի, մեր ժողովրդի, մեր հայրենիքի համար առավելագույն արժեք է։ Խոսքերը կարող են ձեզ չամոքել, բայց ձեր որդիների սխրանքով մեր ապագա սերունդներին դուք պատգամ ունեք փոխանցելու»,- խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
Խաչքարի օծումից հետո Գյումրու ժողգործիքների նվագախումբը հուշ-համերգով է հանդես եկել՝ ի հիշատակ Ռաֆիկ Սահակյանի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20