Նորություններ
Գյումրիում մեկնարկում է «Ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի» ծրագիրը
26.04.2022
Գյումրիում մեկնարկում է Ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի ծրագիրը, որն իրականացվում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ԱՄՆ - Հայաստան) և «Լումիեր ֆրանսեզ» (Ֆրանսիական լույս) հայ-ֆրանսիական մարդասիրական ասոցիացիայի (Ֆրանսիա) համագործակցությամբ։
Ծրագրի բացմանն այսօր ներկա է գտնվել Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ։
Ծրագրի շրջանակներում հայ երիտասարդ ակնաբույժները եզակի հնարավորություն կստանան գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու Հայաստանում և Ֆրանսիայում՝ երկարաժամկետ կրթական ծրագրի շնորհիվ: Մինչ տարեվերջ նրանք կմասնակցեն Հայաստանի և Ֆրանսիայի ակնաբուժական առաջատար կենտրոնների ակնաբույժների դասընթացներին Հայաստանում, իսկ տարեվերջին արդեն լավագույն երիտասարդ ակնաբույժները Ֆրանսիայում 1 տարի տևողությամբ անվճար վերապատրաստման հնարավորություն կստանան:
Ծրագրի շրջանակներում Հայաստան կժամանեն ֆրանսիացի ականավոր ակնաբույժներ, դասընթացին զուգահեռ Գյումրիում կիրականացնեն ակնային բարդ դեպքերի քննարկումներ, անվճար վիրահատություններ: Գյումրիում առաջին անգամ կկատարվեն ցանցաթաղանթի վիրահատություններ: Հայկական ակնաբուժության նախագծի Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնը՝ հագեցած գերժամանակակից սարքավորումներով, այդուհետ կդառնա Երևանից դուրս գործող առաջին կենտրոնը, որտեղ կիրականացվեն ցանցաթաղանթի վիրահատություններ: