Նորություններ
Շիրակի մարզում տրվել է «Կանանց տնտեսական զորացում Հարավային Կովկասում» ՄԱԿ-ի ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը
04.05.2022
Շիրակի մարզում այսօր տրվել է «Կանանց տնտեսական զորացում Հարավային Կովկասում» ՄԱԿ-ի ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը։ Միջոցառման մասնակիցներին ողջունել և ծրագրի կարևորությանն է անդրադարձել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը․ «Շատ ուրախալի է, որ ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը Շիրակում է տրվում։ Մեր մարզը միշտ էլ աչքի է ընկել ակտիվ կանանց դերակատարությամբ։ Գենդերային հավասարությանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում, իհարկե, անելիքներ դեռ կան։ Բայց նաև վստահ եմ, որ եթե կա ձգտում, կան հնարավորություններ ու կարողություններ՝ կանայք միանշանակ կկարողանան առաջ գնալ և նրանց դերն առավել կբարձրանա։ Ծրագրին հաջող ընթացք եմ մաղթում և վստահ եմ, որ արդեն մեր կողմից նախանշված քայլերով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»։
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին խոսելով կանանց տնտեսական զորացման մասին՝ ընդգծել է համագործակցության կարևորությունն ու կանանց դերի բարձրացման անհրաժեշտությունը։
Ներկայացվել է ծրագրի հայեցակարգը, միջոցառումների շրջանակը, առաջին փուլի հիմնական արդյունքները, ինչպես նաև քննարկվել են Շիրակի մարզում և, ընդհանրապես, Հայաստանում կանանց տնտեսական զորացման հնարավորություններն ու մարտահրավերները:
Այնուհետև անցկացվել է պանելային քննարկում, որի ընթացքում կին առաջնորդները խոսել են Հայաստանում կանանց տնտեսական գործունեության համար նպաստավոր գործոններից։