Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անի համայնքում Շիրակի մարզպետը հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

16.05.2022

Աշխատանքային այցի շրջանակներում մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ հետևել են Անի համայնքում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, մասնավորապես, Մարալիկի Շահինյան փողոցի 6-րդ նրբանցքի վերանորոգված 319 մ հատվածի աշխատանքներին։ Շիրակի մարզպետը դիտարկել է փողոցի ջրահեռացման խնդիրը, թերացումը շինարարը խոստացել է վերացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Լանջիկ բնակավայրում բնակիչները դժգոհել են 2019-ին սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհի որակից, մարզպետը հանձնարարել է զբաղվել հարցով։
Անի համայնքը 2022-ին ևս մի շարք սուբվենցիոն հայտեր է ներկայացրել, կառավարության համաֆինանսավորմամբ նախատեսվում է ինչպես ասֆալտապատման, այնպես էլ խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների իրականացում։ Այցի շրջանակներում մարզային իշխանությունները եղել են Մարալիկի մեքենատրակտորային պարկում, որտեղ առկա 9 միավոր տեխնիկան ձեռք է բերվել «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով՝ 205 մլն դրամի շրջանակներում, գումարի 95 տոկոսը տրամադրվել է հիմնադրամի միջոցներից, 5 տոկոսը՝ համայնքային բյուջեից։ Իսկ 2019 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ կառավարության աջակցությամբ, ձեռք է բերվել Էքսկավատոր բեռնիչ և ինքնաթափ բեռնատար՝ 51 մլն 216 հազար դրամի շրջանակներում։
Աշխատանքային այցն ավարտվել է Լանջիկի համայնքային կենտրոնում Շիրակի մարզպետի գլխավորությամբ անցկացված արտագնա խորհրդակցությամբ։
«Համայնքային այցերը պարբերական բնույթ են կրելու, ինձ համար կարևոր է անձամբ լինել բոլոր բնակավայրերում, հետևել արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, զրուցել ու լսել բնակիչների մտահոգությունները, վերահսկել պետական բոլոր ծրագրերը, ֆիքսել առաջնային հիմնահարցերը և պետական միջոցների հատկացման ժամանակ, ռեալ դատելով առաջանայնություններն ու խնդիրները, հատկացումներն իրականացնել նպատակային։ Մեր բնակիչները պետք է զգան, որ օբյեկտիվ ու հոգատար է վերաբերմունքը մարզի բոլոր բնակավայրերի հոգսերի թեթևացման հարցում»,- նշել է Շիրակի մարզպետը։
Ամփոփելով այցը՝ խորհրդակցության ընթացքում մարզպետը պատասխանատուներին տվել է հանձնարարականներ, վերջում հանդիպել բնակիչներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20