Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին

17.05.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Գյումրի ժամանած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզի զարգացմանն ու տնտեսության մեջ ներդրումային ձեռնարկներին առնչվող հարցեր․ «Պարոն Քերոբյան, ուրախ եմ Ձեզ կրկին հյուրընկալելու և քննարկելու Շիրակի զարգացմանն առնչվող հարցեր, քանի որ այսօրինակ հանդիպումների և քննարկումների արդյունքում կկարողանանք խնդիրները ոչ միայն արձանագրել, այլև առաջնահերթությունները մատնանշել և համատեղ ջանքերով առաջ քայլել՝ կառավարության ապակենտրոնացված քաղաքականությանը հավատարիմ մնալով»։
Նախարարը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և անդրադարձել մի շարք նախաձեռնությունների, մասնավորապես, անդրադառնալով Գյումրիում արդյունաբերական պարկի հիմնադրման նախագծին։ Կառավարության ծրագրով մինչև 2026 թ. պետք է ստեղծվի արդյունաբերական 3 գոտի: Դրանք կլինեն Գյումրիում, Արարատում և Սյունիքում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզի զբոսաշրջային հնարավորություններին, Գյումրին ավելի գրավիչ դարձնելուն վերաբերող հարցեր ևս։ Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ենթակառուցվածքների զարգացումն ու ծառայությունների որակի բարձրացումն ազդեցություն կունենա զբոսաշրջության զարգացման վրա։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական ծրագրերին, գյուղատնտեսական հիմնախնդիրներին։
Շիրակի մարզպետն ու էկոնոմիկայի նախարարը Գյումրու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ եղել են Բարեկամության այգում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել պատասխանատուների հետ, ովքեր տեղեկացրել են, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի բնույթով եզակի այգու մանկական խաղահրապարակը, մարզահրապարակը, տաղավարները, իսկ աշխատանքները կիրականացվեն կանաչապատ տարածքները պահպանելով։ Գյումրու Բարեկամության այգու վերականգման նախագիծն իրականացվում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի կողմից, որը ստանձնել և իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված ծրագրերը: Ծրագիրը Գյումրու «Զբոսաշրջության, ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցման» ենթածրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող՝ Տեղական տնեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի` 886 596 367 ՀՀ դրամ ներդրմամբ սկսվել են Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման աշխատանքները։ 7,2 հեկտար տարածքի բարեկարգման նախագիծը մշակվել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին է տրամադրվել «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի» կողմից, որն ի ուրախություն բոլորիս` պատրաստակամ է հավելյալ ներդրումներով` այգին դարձնել զբոսաշրջային ժամանակակից այցելավայր։
Նշենք նաև, որ Գյումրիում սա ՀՏԶՀ-ի միակ ծրագիրը չէ։ Պետության և համաշխարհային բանկի ֆինասավորմամբ` ընդհանուր առմամբ շուրջ 4 միլիարդ 300 միլոն դրամի ներդրում է նախատեսվում։ Բացի Գյումրիի քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքները, կիրականացվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, Հաղթանակի պողոտայի, ինչպես նաև Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածների վերականգնում։
Իսկ որ ոչ պակաս կարևոր է՝ Գյումրիում «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47