Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբը Ախուրյան խոշորացված համայնքի Ջաջուռավան, Լեռնուտ, Հացիկ բնակավայրերում
31.05.2022
Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ եղել է Ախուրյան խոշորացված համայնքի Ջաջուռավան, Լեռնուտ, Հացիկ բնակավայրերում։ 2021 թվականի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով այս բնակավայրերում վերակառուցվել են մանկապարտեզների շենքերը։ Պատասխանատուները շրջել են կառույցներում։ Արձանագրվել են մի շարք թերություններ, շինարարներին հանձնարարվել է ամենասեղմ ժամկետներում վերացնել բոլոր թերությունները։
Ընդհանուր 115 մլն 148 հազար դրամ արժողությամբ 3 ծրագրերի գումարի 60 տոկսը հատկացրել է կառավարությունը՝ 69 մլն 89 հազար դրամը , 40 տոկոսը համայնքային ներդում է։ Երեք բնակավայրերի մանկապարտեզներն էլ 60 երեխա հզորություն ունեն։
Աշխատանքային խումբը եղել է նաև Շիրակ բնակավայրում, որտեղ ընթացքի մեջ են 46 երեխայի համար նախատեսված 2 խմբասենյակով մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ 2021 թվականին մեկնարկած ծրագրի արժեքը 74 մլն 122 հազար դրամ է, գումարի 60 տոկոսը տրամադրելու է կառավարությունը, 40-ը՝ համայնքը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ույուտ Սենթր» ՍՊԸ-ն, դրանք կավարտվեն երկու ամսից։