Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մասնակցել է «Վերջին դասի» տոնական միջոցառումներին

06.06.2022

 Ախուրյան համայնքի Լեռնուտ բնակավայրի դպրոցը 14 աշակերտ ունի։ Միակ շրջանավարտ Աբրահամ Մելոյանի համար դպրոցի բոլոր աշակերտներով էին միջոցառում կազմակերպել։ Հատկապես ոգևորիչն աշակերտների համար Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ներկայությունն էր։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը շնորհավորել ու բարի երթ է մաղթել․ «Ձեզ նման ես էլ եմ հուզվել, մեծ է հուզմունքը, երբ տեսնում ենք, որ անկախ շենքային պայմաններից, անկախ աշակերտների թվաքանակից նույն հոգատար վերաբերմունքը կա։ Պատահական չէ մեր ընտրությունը, շատ ուրախ եմ, որ պարոն Կարապետյանի հետ աշխատանքային մոդելը փոխել ենք և այցելել ենք Լեռնուտ, որը խոսում է բոլոր խնդիրների նկատմամբ մեր համընդհանուր մոտեցման մասին։ Շենքային պայմանները, դպրոցի խորդուբորդ ճանապարհը խնդիրներ են, որոնց լուծման համար մենք քայլեր կձեռնարկենք։ Բայց ես վստահ եմ, որ մեր միակ շրջանավարտը՝ այս փայլուն պատանին, մեր ապագան կերտողն է լինելու և ինքն էլ երբ գա ժամանակը հոգատարություն կցուցաբերի իր ծննդավայրի նկատմամբ»։
Շիրակի մարզպետը մասնակցել է նաև հարազատ՝ թիվ 20 դպրոցի «Վերջին դասի» տոնական միջոցառմանը․ «Իրապես այսօր ես զգացի այն նույն հուզմունքը, ինչ զգացել էի իմ ավարտական միջոցառման ժամանակ։ Ես խորապես համոզված եմ, որ դպրոցը մեր երկրորդ տունն է։ Իմ ուսումնառության տարիներին նորակառույց անգլիական դպրոցում սովորելը մեծ պատիվ էր, վստահ եմ, որ այդ պատվի գիտակցումն ունեք և դուք այսօր։ Բայրոնի անվան դպրոցն ինձ համար դարձավ այցեքարտ, այս դպրոցում երեխայի անհատականությունը պահվում էր։ Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել իմ ուսուցիչներին, որովհետև հենքային կրթությունը մարդ ստանում է դպրոցում։ Հիշում եմ բոլորին։
Ես ուզում եմ, որ ինձ չտեսնեք որպես Շիրակի մարզպետի կամ նախկին պատգամավորի, այլ՝ որպես «բայրոնցի»։ Նաև դպրոցից ստացած գիտելիքի շնորհիվ եմ ես հաջողության հասել, վստահ եմ՝ դուք այն կկրկնապատկեք ու կեռապատկեք»։
Նշենք, որ 2022-ին Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ է տալիս 1689 տասներկուերորդ դասարանցի, 9-րդ դասարանն ավարտում է 2792 աշակերտ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46