Նորություններ
Նոր արտադրամասեր Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան և Առափի բնակավայրերում
08.06.2022
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան և Առափի բնակավայրերում այսօր տեղի են ունեցել նոր՝ արտադրամասերի պաշտոնական բացման արարողությունները։ Միջոցառումներին մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։ Արտադրական տարածքներն արդիականացվել են նոր, ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաներով և գործում են կանաչ ստանդարտների համաձայն, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։ Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, այն իրականացվում է համատեղ Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։
Նշենք, որ Ղարիբջանյանում բացված արտադրամասը՝ «Սաննի Ֆուդը», հիմնովին վերանորոգված հետբերքահավաքի պահածոների գործարան է։ Այն ընտանեկան բիզնես է, որի նպատակը որակյալ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ պահածոների արտադրությունն է։ Իսկ Առափիում բացվել է «Հարմոնի Ֆարմ» դեղաբույսերի աճեցման ցուցադրական կենտրոն, այն զբաղվում է բարձրորակ խոտաբույսերի, համեմունքների և լոբազգիների մշակությամբ և մշակմամբ, ինչպես նաև սերմնաբուծությամբ։ Կենտրոնի նպատակն է նպաստել Շիրակի մարզում կանաչ գյուղատնտեսության զարգացմանը՝ ոլորտում զբաղվողներին ցույց տալով կանաչ գյուղատնտեսության առավելությունները։