Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է EliseCare հասարակական կազմակերպության հիմնադիր Էլիզ Պողոսյանին

06.07.2022

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է «Ավրորա» համայնքի անդամ EliseCare հասարակական կազմակերպության հիմնադիր, բարերար Էլիզ Պողոսյանին և կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի պատասխանատու Արմեն Թաշչիին, ովքեր ծրագիր են իրականացնում մարզում և բժշկական շարժական կայանի օգնությամբ անվճար ծառայություններ են մատուցելու մարզի ազգաբնակչությանը։ Նազելի Բաղդասարյանը ողջունել է հյուրերին և նշել, որ կարևորում է ցանկացած համագործակցություն, որը կնպաստի մարզի ազգաբնակչության առողջության պահպանմանը։
Հանդիպման ընթացքում EliseCare հասարակական կազմակերպության հիմնադիր Էլիզ Պողոսյանը մարզպետին է ներկայացրել կազմակերպության գործունեությունը։ Այն ստեղծվել է 2012 թվականին, անհապաղ բժշկական և հոգեբանական օգնություն է տրամադրում հակամարտության գոտիներում ապրող բնակչությանը։ Կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել աշխարհի մի շարք հետպատերազմական երկրներում, այդ թվում նաև Արցախում։
Հանդիպումից հետո Շիրակի մարզպետարանի դիմաց առաջին անգամ մարզում գործարկվել է շարժական կայանը, որն այսօր ուղևորվեց Անի համայնք և անվճար բժշկական ծառայություններ կմատուցի համայնքի ազգաբնակչությանը։
Լրագրողների հետ զրույցում խոսելով մարզում կայանի գործունեության մասին՝ Նազելի Բաղդասարյանը նշել է․ «Կարևորում եմ մեր համագործակցությունը EliseCare կազմակերպության հետ, ընկերություն, որը տևական ժամանակ աշխատել է հակամարտության գոտու երկրներում, այժմ ծրագիր է իրականացնում Շիրակի մարզում։ Շարժական կայանը կշրջի Անի և Աշոցք համայնքների բնակավայրերում, կլինեն նեղ մասնագետներ՝ սրտաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, հոգեբան, կիրականացվի կարիքների գնահատում, անհրաժեշտության դեպքում կհրավիրվեն նաև այլ մասնագետներ։ Մոտ օրերս կայանը կունենա ուլտրաձայնային հետազոտության սարք, առաջիկայում նախատեսվում է հետազոտություն անցած քաղաքացիներին տրամադրել անվճար դեղորայք և հուսով եմ, որ մեր համագործակցությունը կընդլայնվի»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56