Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հետևել է Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին

12.07.2022

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզպետարանի պատասխանատուների, կենտրոնի նորանշանակ պետ Սարիկ Մինասյանի հետ այսօր հետևել է Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին։
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին մեկնարկած կենտրոնի կառուցման աշխատանքներն, ըստ պատասխանատուների, նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա 1-2 ամսում։ Ծրագրի արժեքը շուրջ 346 մլն դրամ է: Այժմ ընթանում են ներքին հարդարման, հատակների կառուցման աշխատանքները։
Շիրակի մարզպետը կարևորել է շինաշխատանքների որակով և ժամկետներում իրականացումը,- «ՀՀ կառավարության կողմից հատկացված ցանկացած միջոց պետք է նպատակային ծախսվի, գումարը տրամադրված է, մնում է ժամանակին ավարտին հասցվեն աշխատանքները, ես այս հարցում հետևողական եմ լինելու, բայց սա չի նշանակում, որ թերացումներն ընդունելի են լինելու, պետք է ամեն ինչ անել աշխատանքների որակով իրականացման համար։ Կարևոր եմ համարում նաև այն, որ հնարավորինս շուտ նոր մասնաշենքում կազմակերպվեն կենտրոնի աշխատանքները, որպեսզի քաղաքացիների համար առավել հեշտ լինի ծառայություններից օգտվելը»։ Կապալառու կազմակերպության՝ «Գևորգյան Ներսիսյան» ՍՊԸ ղեկավարը, մարզպետին վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտին հասցնելու համար։ Մարզպետը կարևոր է համարել նաև այն, որ նորաբաց կենտրոնն ունի բոլոր հարմարությունները հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, այդ թվում՝ թեքահարթակ և վերելակ։
Տարածքային կենտրոնը, որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Գյումրու բնակիչներին, որտեղ մեկ պատուհանի միջոցով կտրամադրվեն սոցիալական 4 ծառայություններ՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը:
Այնուհետև Նազելի Բաղդասարյանը պատասխանատուների հետ այցելել է Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի գործող գրասենյակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին, պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին, որից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել կառույցների միջև համագործակցության, ծառայություններն առավել որակով, ժամանակին և հասցեական կազմակերպելուն առնչվող հարցերի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20