Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանում անցկացվել է քննարկում անասունների պատվաստումային գործընթացի վերաբերյալ

20.07.2022

 Անասունների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների կարևորությունն ու Շիրակի մարզում պատվաստումային գործընթացի ցածր ցուցանիշները հաշվի առնելով՝ Շիրակի մարզպետարանում այսօր անցկացվել է քննարկում, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, մարզային իշխանության ոլորտային պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, անասնաբույժներ, պատվաստումների մասնագետներ։
Անդրադառնալով ընթացիկ տարվա պատվաստումային գործընթացում արձանագրված բացթողումներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ թվային տվյալների վերլուծությունը խոսում է հստակ բացթողումների մասին․ «Ինձ համար, որպես մարզպետ, սա անվտանգային հարց է, որն առնչվում է նաև մարդկանց կյանքին ու առողջությանը և իմ լիազորությունների շրջանակում պետք է հետևողական լինեմ խնդրի կարգավորմանը, քանզի անթույլատրելի է կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներին մատների արանքով նայել։ Պետք է պատասխանատու անասնաբույժները, պատվաստումների մասնագետներն ու համայնքների ղեկավարները հստակ հասկանան, որ պատժիչ մահակ չենք գործադրում և այս հանդիպումն, ամենևին, ինքնանպատակ չէ, այլ մեր խնդիրը առաջացման հստակ պատճառներին անդրադառնալն ու լուծման ուղիներ գտնելն է։ Պատվաստումային գործընթացն ինքնանպատակ չէ և ոչ էլ որևէ մեկի քմահաճույքով պետք է այն իրականացվի կամ առավել ևս խոչընդոտվի»։
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն էլ նշել է, որ հակահամաճարակային միջոցառումներին ուղղված պետական միջոցները չպետք է կորչեն, այս հարցում պետք է բացառվի ներանձնային ցանկացած խնդիր։
Արձանագրվել է, որ կենդանիների պատվաստումների ցուցանիշներն հատկապես ցածր է Գյումրիում և Ախուրյան համայնքի բնակավայրերում, քննարկվել են պատասխանատու բոլոր կառույցների համագործակցությանը, անասնագլխաքանակի հստակ հաշվառմանն ու այս գործընթացում թերացումների հնարավորինս բացառմանն առնչվող հարցեր։
Պատասխանատուներն ընդգծել են, որ անասնահակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նպաստում է կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն հակահամաճարակային վիճակի ստեղծմանը, անվտանգ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը: Իսկ այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է շահագրգիռ բոլոր մարմինների սերտ համագործակցությունը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20