Նորություններ
Անի համայնքի Հայկաձոր բնակավայրը նոր սպանդանոց ունի
20.07.2022
Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր բնակավայրում այսօր տեղի է ունեցել նորակառույց «Բոմ» ՍՊԸ սպանդանոցի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։
Խոսելով մարզում սպանդանոցների կարևորության մասին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ սա Անիի տարածաշրջանում երկրորդ նորակառույց սպանդանոցն է՝ Ձորակապից հետո, որի շահագործումով տարածաշրջանի կարիքները կարելի է համարել փակված․ «Կառավարության խոստմանը համաձայն մենք կարողանում ենք գործընթացին քաղաքակիրթ ընթացք տալ։ Կարևորում եմ նման ձեռնարկները, հատկապես, փոքր բնակավայրերում, քանի որ այն տնտեսական աշխուժություն է հաղորդում, Հայկաձորի օրինակով ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ առավել կարևոր է ուշադրություն դարձնել մարզի այն համայնքներին, որոնք դրա կարիքն ունեն և որ պետություն-համայնք և մասնավոր կառույց համագործակցությունը միշտ էլ արդյունավետ է»։
Անդրադառնալով պետական ծրագրերով սպանդանոցների կառուցման առաջնահերթությանը՝ մարզպետն ընդգծել է, որ մասնավորը պետության հետ համատեղ ջանքերով փորձել են ձեռնարկն ի մի բերել և որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ հետևողական աշխատանքների արդյունքում, սահմանված չափորոշիչներին համապատասխան ևս մեկ սպանդանոց է գործելու տարածաշրջանում, ինչը կանխարգելելու է շուկայում անառողջ մսամթերքի առկայությունը։
«Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիան» ներդրողին պետական աջակցությամբ առավել շահավետ պայմաններով վարկ է տրամադրել։
Պատասխանատուներին է ներկայացվել սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմանները, հզորությունը։ Սպանդանոցն ունի երկու հոսքագիծ, օրական 12 խոշոր և 30 մանր եղջերավոր անասունի մորթ կկարողանա իրականացնել, առկա են բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանության համար, ինչպես նաև կգործի նորագույն սարքերով վերազինված լաբորատորիան։