Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
26.07.2022
Մարզպետն անդրադարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը՝ կարևորելով հիմնադրամի առաքելությունը Շիրակի մարզում․«Այն առաքելությունն ու այն աշխատանքային ուղղությունը, որ նախընտրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ն անցած տասնամյակների ընթացքում, կարևոր է եղել մեր մարզի համար, խոսքս, հատկապես, աղքատության հաղթահարման, երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառներին է վերաբերվում։ Ունենք դրական տեղաշարժ երկու առումով էլ։ Մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի և վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել։ Այդ կերպ հնարավոր կլինի ոչ միայն հայտնաբերել խնդիրները, այլև գործել ի նպաստ քաղաքացու և, բնականաբար, ի նպաստ երեխաների լավագույն շահի»։
Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում համագործակցության պատրաստակամությունը՝ անդրադառնալով արդեն իրականացված, մասնավորապես, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությանն ու դեռահասների նախաձեռնողականության ու քաղաքացիական ակտիվության բարձրացմանը միտված ծրագրերին։
Տիկին Վայգանդը մարզպետին տեղեկացրել է Արթիկ համայնքում երիտասարդական նախաձեռնությունների նոր կենտրոն հիմնելու մտադրության մասին։ Մարզպետը ողջունել է նախաձեռնությունն ու նշել, որ շատ ուրախալի է համարում, որ Շիրակի փորձը օրինակելի է դարձել՝ կարևորելով պետություն-համայնք-միջազգային կառույցներ համագործակցությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության, ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների, հնարավոր համագործակցության մի շարք այլ հարցերի շուրջ: