Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը քննարկել է Կրասարի կամրջի ներկա վիճակին ու դրա վերականգնմանն առնչվող հարցեր

02.08.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր եղել է Կրասար բնակավայրում, Աշոցք համայնքի ղեկավարի հետ տեղում քննարկել Կրասարի կամրջի ներկա վիճակին ու դրա վերականգնմանն առնչվող հարցեր։
Կրասարի 1872-ին մեկնարկած և 1892-ին շահագործման հանձնված կամուրջն ընդգրկված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում, ներկայումս գտնվում է վթարային վիճակում Կամուրջը գտնվում է Կրասար-Մեծ Սեպասար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա և միմյանց հետ է կապում տարածաշրջանի գյուղերը։
«Մեզ համար Կրասարի կամուրջը ամենից առաջ արժեքավոր է որպես 19-րդ դարի եռաթռիչք հորինվածքով ինժեներաճարտարապետական կառույց: Եվ վերանորոգելուց մենք այն պետք է դիտարկենք որպես տեղական հուշարձան։ Որ կամուրջը վթարային է ու վտանգավոր՝ ևս մեկ անգամ արձանագրում ենք։ Մարզպետարանը՝ խնդրով մտահոգ, արդեն իսկ պատասխանատու կառույցների հետ խոսել է, կամրջի վթարային վիճակի և դրա վերականգնման աշխատանքների համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ գրավոր գրություններ են ուղարկվել, ունենք արձագանք և կարծում եմ՝ առաջիկայում հստակ քայլեր կձեռնարկվեն խնդրի լուծման համար»,- բնակիչների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
Նշվել է, որ հաշվի առնելով հարցի հրատապությունը, ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել են նախագծային փաստաթղթերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման մրցույթներ։
Մարզպետի հետ զրույցում ոլորտի պատասխանատուները տեղեկացրել են՝ տեղում կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ կամրջի մասնակի փլուզման պատճառներից մեկը հանդիսացել է 1956-57թթ. կամրջի վրայով անթույլատրելիորեն անցկացված Ղազանչի-Գյումրի ջրատարը: Այն այժմ չի գործում և կամրջի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու դեպքում ենթակա է ապամոնտաժման: Կամրջով երթևեկելը վտանգավոր է դարձել տրանսպորտային միջոցների համար: Անկանխատեսելի ճանապարհատրանսպորտային պատահարներից զերծ մնալու նպատակով փակվել է ճանապարհը՝ կամրջի երկու կողմերում տեղադրելով բետոնյա պատնեշներ։
Մարզպետը պատասխանատուներին հորդորել է այդ հարցում լինել զգոն։
Հանդիպման ընթացքում մարզպետը լսել է բնակիչներին, պատասխանել նրանց մտահոգող մի շարք հարցերի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-02-01 10:55:24