Նորություններ
2023-ից կմեկնարկի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման աջակցության ծրագիրը
04.08.2022
Կառավարությունն այսօրվա նիստով հավանություն է տվել գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրին, որի իրականացումը պայմանավորված է հողերի մասնատվածության մակարդակի կրճատման, արտադրողականության բարձրացման, բերրիության պահպանման ու բարձրացման, ներդրումների ներգրավման անհրաժեշտությամբ։
Ծրագրի իրականացման նպատակն է փոքր չափերով և մասնատված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների միավորման ու խոշորացման միջոցով՝
✅խթանել գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանը և նպաստել գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը
✅խթանել գյուղատնտեսության ոլորտումնոր աշխատատեղերի ստեղծմանը
✅խթանել հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը
✅նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը։
Շահառուներին տրամադրվելու է պետական աջակցություն շահառուի կողմից իրականացված աշխատանքների համար փաստացի կատարված ծախսերի փոխհատուցման տեսքով, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր աշխատանքի համար նախատեսված արժեքի 50%-ի չափով՝ համաձայն ծրագրի պահանջների:
Ծրագրով սահմանված չափերով պետական աջակցություն ստանալու համար միավորված հողամասի հանրագումարային մակերեսը պետք է կազմի առնվազն 30 հա, ընդ որում աջակցությունը տրամադրվում է ոչ ավելի, քան 200 հա (ներառյալ) միավորված հողամասում կատարված աշխատանքների դիմաց։