Նորություններ
Մեկնարկել է «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարը
09.08.2022
Գյումրու մարզամշակութային կենտրոնում մեկնարկել է «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարը: Արդեն երկրորդ անգամ անցկացվող այս միջոցառմանը իրենց մասնակցությունն են բերել 9-ը երկրի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի Դաշնության, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիբանանի, Հնդկաստանի, ինչպես նաև ՖԻԴԵ–ի դրոշի ներքո հանդես եկող 211 շախմատիստներ։ Մրցաշարը անց է կացվում երկու տարիքային խմբերում։ Առաջին՝ «Ա» խմբում պայքարում են ՖԻԴԵ–ի վարկանիշ ունեցող 73 շախմատիստ, այդ թվում՝ ՖԻԴԵ–ի միջազգային վարպետներ, վարպետներ ու սպորտի վարպետներ։ Երկրորդ՝ «Բ» խմբում ընդգրկված են մինչև 12 տարեկան 138 պատանի շախմատիստներ: Մրցումները անցկացվում են շվեյցարական մրցակարգով՝ 9–ը տուրից։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը երկու միլիոն դրամ է։ Միջոցառման ընթացքում՝ օգոստոսի 10–ին և 13–ին կանցկացվեն նաև բլից մրցաշարեր։ Մրցումները կեզրափակվեն օգոստոսի 16–ին։