Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողությունը պատասխանատուների ուշադրության կենտրոնում է
12.08.2022
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքն ուսումնասիրելու նպատակով՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ, ոլորտային պատասխանատուներն այցելում են համայնքներ, հետևում իրականացվող աշխատանքներին։ Հերթական աշխատանքային այցի շրջանակներում քաղաքաշինության վարչության պատասխանատուները եղել են Ամասիա համայնքում, որտեղ դիտարկվել է Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24 փողոցն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, առաջին փուլով կիրականացվի 69.503 միլիոն դրամի աշխատանք, կառավարությունը կտրամադրի գումարի 45 տոկոսը։ Շինարարությունն իրականացնում է «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ն։
2022-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Ամասիա համայնքի Բերդաշեն և Գառնառիճ բնակավայրերում էլ մեկնարկել են փողոցային լուսավորության անցկացման շինարարական աշխատանքները։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 22,38 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվում է «Նոր գրուպ» ՍՊԸ-ի կողմից:
Պատասխանատուները եղել են նաև Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում, որտեղ դեռ 2021 թվականի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվում է նոր մանկապարտեզ: Ծրագրի նախահաշվային արժեքը 98,36 մլն դրամ է, ավարտը նախատեսված է 2022-ին: Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Վի-էն գրուպ» ՍՊԸ-ի կողմից:
Արձանագրված թերացումների վերացման մասով պատասխանատուները կապալառու կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացթողումները կարգավորել ամենասեղմ ժամկետներում։