Նորություններ
2022-2023 ուսումնական տարվա դասագրքերն արդեն ներկրվել են Շիրակի մարզ
15.08.2022
Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերն արդեն ներկրվել են Շիրակի մարզ, օգոստոսի 15-19-ը դասագրքերը, ըստ նախնական մշակված ժամանակացույցի, կբաշխվեն մարզի դպրոցներին։ Գործընթացը մեկնարկել է և իրականացվում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուների վերահսկողությամբ։
Շիրակի մարզը ստացել է 100718 դասագիրք, որոնցից 72947-ը տարրական դասարանների, իսկ 12 անուն՝ 25116 դասագիրք 7-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների համար և լրացուցիչ հայտով 15 անուն՝ 2655 դասագիրք 8-րդ և 9-րդ դասարանների համար։ Շախմատի 8450 վարժությունների տետր է ստացվել, ինչպես նաև շախմատի 3-րդ դասարանի 2649 գիրք։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաի հրամանով՝ հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:
Ըստ այդմ 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Տվյալ հաստատության՝ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից: