Նորություններ
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարում Շիրակի մարզը մեկ ոսկե, մեկ արծաթե և 3 մրցանակային տեղ է գրավել
24.08.2022
Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում լողուղի դուրս եկավ 133 մասնակից, նրանցից 12–ը ներկայացնում էին Շիրակի մարզը։ Կանանց առաջին տարիքային խմբում 1000 մ մրցատարածության վերջնագիծը առաջինը հատեց Գյումրու ջրային մարզաձևերի մարզադպրոցի մարզիչ Անի Ավետիսյանը։ Մեր մարզուհին պարգևատրվեց ոսկե մեդալով, գավաթով և 1 միլիոն դրամ դրամական մրցանակով։ Տղամարդկանց 2–րդ տարիքային խմբի 1500 մ մրցատարածությունում էլ երկրորդ արդյունքը ցույց տվեց կրկին մարզադպրոցի մարզիչ Արմեն Հանեսօղլյանը։ Նա պարգևատրվեց արծաթե մեդալով և 600․000 դրամ դրամական մրցանակով։ Շիրակի մարզի ևս երեք ներկայացուցիչներ տեղ գրավեցին լավագույն տասնյակներում և կստանան դրամական մրցանակներ։