Նորություններ
Մեծ ինտենսիվությամբ ընթանում են Իսահակյան-Գյումրի և Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարական աշխատանքները
26.08.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր այցելել է Անի համայնք՝ ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այցի նպատակը իրականացվող աշխատանքների վերահսկողությունն է։
«Գյումրի-Իսահակյան ճանապարհը մեծ նշանակություն ունի, ոչ միայն նրա համար, որ հանրապետական նշանակության ճանապարհ է, այլ նաև այս հատվածի մի շարք բնակավայրերը կապող ճանապարհ է, ըստ էության ճանապարհի վերանորոգումը հնարավորություն կտա ժամանակ և ռեսուրսներ խնայել, գյուղի կյանքի զգալի բարելավում է: Այս հարցը չարչրկված է, երբ ամիսներ առաջ որոշակի հրահրումներով նաև քաղաքացիների դժգոհությունը կար, մենք մեր խոստումը կատարեցինք և ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են, ծածկի հանման աշխատանքներն են իրականացվում, որից հետո ամբողջական ծավալով աշխատանքները կընթանան»,- լրագրողների հետ զրույցում նշել է Նազելի Բաղդասարյանը։
Շուրջ 15կմ երկարությամբ Գյումրի-Իսահակյան ճանապարհի կառուցումը մեկնարկել է ճանապարհի վատթարագույն հատվածից՝ Բագրավանի տարածքից, այժմ իրականացվում է հին պատվածքի քանդում։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները։ Շինարարությունն իրականացնում է «Եվրոասֆալտ» ընկերությունը։ Մարզպետի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ սահմանված ժամկետում կտեղավորվեն, Նազելի Բաղդասարյանը կարևորել է նաև աշխատանքների որակով իրականացումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 800 մլն է, կառավարությունն արդեն 1 մլրդ 997 մլն 335 հազար դրամը հատկացրել է։