Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցութունը

30.08.2022

 Աշխատանքում՝ պատասխանատվություն, աշխատելաոճի մեջ՝ թափանցիկություն․ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը վերահաստատել է կրթության ոլորտի հանդեպ մոտեցումները։
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցութունը։
Մարզպետը շնորհավորել է խորհրդակցության մասնակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և ուրախությամբ փաստել, որ տարին կարևոր նախաձեռնությամբ են մեկնարկում։ Շիրակի մարզպետարանը, վարչապետի հանձնարարականով, ներկայացրել է մարզի 21 դպրոցի վերանորոգման հայտ, որոնք փոխվարչապետի մոտ կայացած քննարկման ժամանակ նախնական ընդգրկվել են անհետաձգելի կապիտալ բնույթի ծրագիր։ Նախատեսվում է շուրջ 553 մլն դրամ գումարի շրջանակներում դպրոցներում իրականացնել տանիքների նորոգման, դռների, պատուհանների փոխարինման, սանհանգույցների, աստիճանների վերակառուցման, տարածքների բարեկարգման աշխատանքներ։
«Կառավարությունը հավատարիմ է խոստմանն ու 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը քայլ քայլ կյանքի է կոչվում։ Կրթական ոլորտը՝ լինելով առաջնային ոլորտ պետական համակարգում, վերջին տարիներին բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, այդ թվում՝ օրենսդրական, որոնք բերել են նոր որակ: Ես լիահույս եմ, որ այդ մոտեցումների ընկալումը, ինչպես նաև հստակ չափորոշիչների սահմանումը անմիջականորեն ազդեցություն է ունենալու մեր կրթության որակի վրա՝ դրական առումով: Մեզ համար չափազանց կարևոր է կրթության պատշաճ որակը, կարևոր հանգամանք է, որ աշակերտը դպրոց մուտք գործելիս հասկանա, որ սա կրթական հաստատություն է: Ես կրկին հորդորում եմ Ձեզ դպրոցում աշակերտներին վերաբերվել, որպես նախ և առաջ ՀՀ քաղաքացի, արժանապատիվ քաղաքացի: Մենք ազատ մտածող, իրավագիտակից, պատասխանատու, հայրենասեր քաղաքացի կերտելու մեծ առաքելություն ունենք»,- նշել է մարզպետը։
Մարզպետը հորդորել է ուշադրություն դարձնել դպրոցական միջավայրում անհանդուրժողականության՝ բուլինգի դրսևորումներին, լինել հետևողական, որպեսզի որևէ աշակերտ խտրական վերաբերմունքի չարժանանա։
«Աշակերտը պետք է լինի դպրոցի հոգածության կենտրոնում, եթե անգամ ունի ցածր առաջադիմություն: Դպրոցը, ուսուցիչները առավելապես տնօրենները, պետք է ձեռք մեկնեն, որպեսզի աշակերտը կարողանա մեկ քայլ առաջ գնալ: Եվ ամենակարևորը, դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ աշակերտները սիրում են գալ: Խնդրում եմ ուշադրություն դարձնել դպրոցում աշակերտների վարքին, պատշաճ աշակերտական տեսքին, միևնույն ժամանակ չբռնանալով աշակերտի, որպես մարդու, հիմնարար իրավուքներին: Կրթության որակի մասին խոսելիս պետք է ընդգծեմ, որ Շիրակի մարզը նախորդ ուսումնական տարվա ընթացքում ունեցել է շատ բարձր արդյունքներ, և՛ օլիմպիադաների արդյունքում, և՛ առաջադիմության»,- փաստել է մարզպետը:
Մարզը 2020-2021 ուստարում ունեցել է 17 մեդալակիր, բուհ է ընդունվել 833 շրջանավարտ, որոնցից 213-ը՝ առաջին անվճար հայտով։ 2021-2022 ուստարում դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերին մասնակցել են 151 աշակերտներ՝ արժանանալով 27 դիպլոմի, 24 գովասանագրի։
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն անդրադարձել է կրթական համակարգի մի շարք նորությունների` պարզաբանումներ ներկայացնելով կատարված օրենսդրական, վարչարարական փոփոխությունների, փորձարկվող կրթական նոր չափորոշիչների, առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացի, դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունների և այլնի վերաբերյալ։
Քննարկվել են ուսուցիչների պարտադիր ու կամավոր վերապատրաստման գործընթացին, ատեստավորմանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47