Նորություններ
Գյումրու օր տոնակատարություն
02.09.2022
ՀՀ Շիրակի մարզպետ. «Հարգարժան հյուրեր, ողջունում ու շնորհավորում եմ մեզ բոլորիս մեր փառապանծ քաղաքի տոնի առթիվ։ Յուրաքանչյուր անգամ, երբ տեսնում եմ, որ իմ հոգու քաղաքը ցնծության մեջ է` բերկրանք եմ զգում, որովհետև երկրաշարժից հետո թվում էր, թե Գյումրին խոնարհվել է, բայց Գյումրին ապրում է, գյումրեցու երակներում պատվախնդրության արյուն է և դա է մեզ ստիպում ավելի բարձր պահել մեր գլուխը։ Մեր հետևողական աշխատանքի և ջանքերի շնորհիվ Գյումրին ոտքի ենք կանգնեցրել, Գյումրին վեր է հառնել և ապրում է իր բանականոն կյանքով, Գյումրին լեցուն է հյուրերով, գյումրեցին ժպտում է և յուաքանչյուր օր ու ժամ մենք ավելի ենք հավատում, որ մեր քաղաքի լուսավոր օրերը դեռ առջևում են։ Առանձնակի հպարտությամբ պետք է նշեմ, որ հետհեղափոխական Գյումրին հիմա փոխվել է, կառավարությունն իր ձեռքը և հայացքն ուղղել է դեպի հայրաքաղաք և, հատկապես, վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ են են ընթանում քաղաքում։ Ընթացիկ տարում կառավարության և համայնքի համատեղ ջանքերով Գյումրիում իրականացվելու է 3 մլրդ 400 մլն դրամի ծրագիր, ավելին, կապիտալ շինարարության առումով Գյումրիում 2022 թվականին նախատեսված է 7 մլրդ դրամի ծրագիր, հանրագումարում` ավելի քան 10 մլրդ դրամի ծրագիր մեր սիրելի քաղաքին։
Վստահ եմ, որ 2023-ին հնարավորություն ունենք այս թվերը մեծացնելու։ Քաղաքը շնչում է, քաղաքը զարգանում է, այսօր զբոսաշրջության կենտրոն է նաև մեծ տնտեսական պոտենցիալ ունի և սրան են միտված բազմաթիվ ծրագրերը։
Հարգելի՜ գյումրեցիներ, հավատացած եղեք, որ մեր քաղաքը պարզճակատ նայելու է աշխարհին։ Ես վստահ եմ, որ Գյումրու յուաքանչյուր քաղաքացի հավատում է, որ մեր քաղաքի ներուժը, մեր քաղաքի ֆենոմենը դեռ բացահայտված չէ և այստեղ է պետք համատեղենք մեր ջանքերը։ Ես, որպես Շիրակի մարզպետ, վերահաստատում եմ իմ պատրավորությունը՝ ջանք ու եռանդ չխնայել հայրենի քաղաքի շենացման համար։ Կրկին արձանագրում և ընդգծում եմ, որ Գյումրիում ապագա կա և այն կերտելու ենք միասին։
Շնորհավո՜ր տոնդ, Գյումրի»։