Նորություններ
Շիրակի մարզպետն այցելել է Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայր
06.09.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել է Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայր, հանդիպել բնակիչներին, լսել ու ոլորտային պատասխանատուների հետ քննարկել բնակավայրի հիմնահարցերը։ Հատկապես անդրադարձ է կատարվել Երազգավորսի գազիֆիկացման չարչրկված խնդրին։ Մարզպետը նշել է, որ բնակավայր այցելել է թեմայի անհարկի շահարկումը բացառելու նպատակով, քանզի բնակիչների մոտ տպավորություն է ստեղծվել, որ համայնքը գազիֆիկացման սուբվենցիոն ծրագիրը ներկայացրել է մարզպետարան, սակայն այն մերժվել է, այնինչ Ախուրյան համայնքը նման ծրագիր մարզպետարան չի ներկայացրել։
«Համայնքային այցելությունները շարունակական բնույթ են կրում, քանի որ ինձ համար կարևոր է տեղում ոչ միայն առկա խնդիրներին ծանոթանալը, այլև լսել համայնքաբնակների կարծիքները, դրանց լուծման մասին նրանց տեսակետները։ Իսկ գազիֆիկացման ծրագրի մասով ձեզ անձամբ եմ փոխանցում և վստահեցնում, որ եթե համայնքը ներկայացնի սուբվենցիոն ծրագիր, ապա այն չհաստատելու, ձգձգելու որևէ միտք, մտդրություն ու ցանկություն մարզպետարանը չի կարող ունենալ։ Ես միայն ողջունում եմ մարզի համայնքների, բնակավայրերի հոգսերի թեթևացմանը միտված ցանկացած ծրագիր, իսկ սուբվենցիոն ծրագրերը կառավարություն-համայնք ռեալ համագործակցության վկայությունն են և կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը, երբեմն այդ համամասնությունը շատ ավելին է, քան համայնքի ներդրումը»,- նշել է Շիրակի մարզպետը։
Երազգավորս բնակավայրում այժմ ընթացքի մեջ է սուբվենցիոն երկու ծրագիր։
Կառավարություն-համայնք համագործակցությամբ՝ պետության 45 տոկոս համամասնությամբ, Բենիամին, Ազատան, Երազգավորս և Ախուրյան բնակավայրերում ընթացքի մեջ են ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Ընդհանուր 334 մլն 319 հազար դրամ արժողությամբ ծրագրի մեջ շուրջ 42 մլն դրամ նախատեսված է Երազգավորսի 8-րդ փողոցի 200 մ հատվածի ասֆալտապատման համար։
Կիրականացվեն նաև ոռոգման ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 327 մլն 686 հազար դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 65%։ Երազգավորս բնակավայրում իրականացվելու է 800 մ երկարության ոռոգման ցանցի արդիականացման աշխատանք՝ 31,3 մլն դրամի չափով, որից օգտվելու է ավելի քան 306 տնտեսություն։
Նազելի Բաղդասարյանն այցելել է նաև Երազգավորսի դպրոց, ծանոթացել պայմաններին։ Նշենք, որ դպրոցն ընդգրկվել է անհետաձգելի կապիտալ բնույթի ծրագրում և շուրջ 26 մլն դրամ է պետությունն հատկացվելու դպրոցի պատուհանների ու դռների փոխարինման համար։
Հաջորդ կանգառը Բայանդուր բնակավայրում է եղել, որտեղ կառավարության 80 տոկոս ներդրմամբ և համայնքի 20 տոկոս մասնակցությամբ ընթացքի մեջ են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։ Այն իրականացվելու է 2 փուլով, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 267 մլն 389 հազար դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար և ունենալու է երկու խումբ՝ բոլոր հարմարություններով, ապաստարանով։ Մարզպետը եղել է նաև Բայանդուրի դպրոցում։