Նորություններ
Ինքնակամ կառույցները պետք է հաշվառվեն և օրինականացվեն
07.09.2022
ՀՀ օրենսդրության վերջին կարգավորումների համաձայն, 2021 թվականի ընթացքում կառուցված ինքնակամ շինությունների պարտադիր հաշվառման համար վերջնաժամկետ էր սահմանված մինչև 2022 թվականի մարտի 15-ը։ Այսինքն, մինչև մարտի 15-ը հաշվառում չիրականացվելու դեպքում, 2021 թվականի ընթացքում կառուցված ինքնակամ շինություններն այլևս ենթակա չեն օրինականացման։ Իսկ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվում է։
Օրենքով ինքնակամ կառույցների հաշվառման համար նախատեսված է հետևյալ ժամանակացույցը.
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառման վերջնաժամկետ է սահմանված՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը:
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառման վերջնաժամկետ է սահմանված մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառման վերջնաժամկետ է սահմանված մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։ Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)։
Հարկավոր է նաև իմանալ, որ հաշվառված լինելը դեռևս չի երաշխավորում, որ ինքնակամ կառույցը կօրինականացվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ կառույցը համապատասխանի օրենսդրական պահանջներին։