Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈԻՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 31-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
21.09.2022
1991-ին միասնաբար որոշեցինք ունենալ ինքնիշխան երկիր, այո՛ ասացինք անկախությանն ու ամբողջ աշխարհին, ի ցույց դրեցինք մեր վճռականությունը։
Տարիների պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ մեր դարավոր երազանքն իրականություն է, ազատ է ու անկախ Հայաստանի լինելիությունը՝ անշրջելի։ Արյամբ է գրված մեր տարեգրությունը, անձազոհությամբ դրոշմված մեր գիտակցության մեջ, բայց աննկուն կամքն ու ոգին փարոս են եղել ամենադժվարին պահերին։
Այսօր, առավել քան երբեք, հայրենի հողն ու սեփական ճակատագիրը տնօրինելու, խաղաղ ապրելու ու արարելու հայի դարավոր ձգտումը նորովի ենք կարևորում։
Բազում մարտահրավերներ հաղթահարած մեր երկիրը կրկին կանգնած է նոր փորձության առաջ։ Եւ ուրեմն, հանուն մայր հողի, հանուն մեր երկրի անկախության պետք է ազգովի բռունցքված լինենք։ Լիահույս եմ, որ ապավինելով մեր ուժերին ու միասնականությանը, անկոտրում կամքին, հայ սպայի ու զինվորի մարտկան ոգուն, ամուր ենք պահելու մեր երկիրը։
Փա՛ռք հայրենիքի անկախության համար ընկած բոլոր մարտիկներին։
Թող արշալույսներդ խաղաղ լինեն, իմ անկախ Հայաստան: