Նորություններ
«Մարալիկի առողջության կենտրոնը» նոր թվային ռենտգեն սարք ունի
22.09.2022
«Մարալիկի առողջության կենտրոն» Շիրակի մարզպետն այցելել էր մայիսին, այցի ընթացքում ռենտգեն սարքավորման խնդրի մասին էր բարձրաձայնվել։ Շիրակի մարզպետի միջնորդությամբ ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոնին» տրամադրել է նոր թվային ռենտգեն սարք, որի գործարկումն արդեն կօգնի տարածաշրջանի ազգաբնակչության սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։
«Մենք իսկապես հակված ենք, որ մարզի բոլոր բուժհաստատությունները հագեցած լինեն անհրաժեշտ բուժսարքավորումներով։ Բժշկական կենտրոն մեր նախորդ այցելության ժամանակ արձանագրել էինք մի քանի խնդիր, դրանցից հրատապ լուծում պահանջողը սարքավորման հարցն էր, այս բացը տարիներ շարունակ կար և, հատկապես վերջերս՝ առավել շատ շփվելով համայնքի բնակչության հետ, արձանագրել ենք, որ անհարաժեշտությունը կա։ ՀՀ կառավարությանը դիմելուց հետո շատ կարճ ժամանակահատվածում հարցը լուծում ստացավ։ Վստահ եմ, ազգաբնակչությունը, որ սպասարկվում է կենտրոնում, կշահի այս ամենից։ Շիրակի մարզի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակավայր պետք է համաչափ զարգանա, սրան է նաև միտված, որ «Մարալիկի առողջության կենտրոնի» հետ հեռահար ծրագրեր կան նաև հաջորդ տարվա համար, լիահույս եմ, որ հաջորդ տարվա մեկնարկին էլ ավելի կկարողանանք ընդլայնվել»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
«Մարալիկի առողջության կենտրոնի» բուժանձնակազմը շնորհակալություն է հայտնել խնդրի լուծման համար։ Նշվել է, որ բուժհաստատությունը 17 բնակավայրերի շուրջ 20 հազար ազգաբնակչություն է սպասարկում, նախկինում նեղ ռենտգեն հետազոտություն անցնում էին Գյումրիում, առաջ էր գալիս նաև տրանսպորտի խնդիր, նախազորակոչային և զորակոչային տարիքի տղաների, սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիների և մնացած ազգաբնակչության համար, որոշ ծառայություններ էլ իրականացվել են Գյումրի բժշկական կենտրոնի շրջիկ ռենտգեն սարքի միջոցով, այժմ խնդիրները լուծում են ստանում թվային նոր սարքի առկայությամբ։